ՆորություններԱՆԿԵՂԾ ՈՒ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ
Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի Նարինե Գրիգորյանին առաջին անգամ չէինք հյուրընկալում Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի հյուրընկալ միջավայրում:
Այս անգամ, սակայն, առիթը ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» միջազգային կինոփառատոնում Նարինե Գրիգորյանի «Լավագույն դերասանուհի» ճանաչվելն էր՝ կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական ֆիլմում մարմնավորած կնոջ գլխավոր դերի համար։
Ի դեպ, հայկական կինոյում բազմաթիվ չեն միջազգային կինոփառատոներում կնոջ դերի համար «Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանանալու փաստերը: Այդպիսի բացառիկ պատեհություն ժամանակին հայ կինոյին նվիրել է հայ կինոյի նվիրյալ անուններից՝ Գալյա Նովենցը:
Նարինեն շատ մեծ անկեղծությամբ ու իրեն հատուկ անմիջականությամբ, միայն իրեն հատուկ վարպետությամբ ու ժպիտով պատմեց իր դերասանական կյանքի շատ հետաքրքրական մանրամասները, խոսեց իր տարբեր դերերի, կինոյի ու թատրոնի իր նախընտրությունների, ընտանիքի, փոքրիկի նախասիրությունների ու շատ այլ հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում էին Նարինեի երկրպագուներին:
Նարինե Գրիգորյանի հետ նաև շատ հետաքրքիր զրույց ծավալվեց ժամանակակից կինոյի ու ժամանակակից թատրոնի խնդիրների, հայաստանյան իրականության ու աշխարհում առկա իրողությունների շուրջ:
Նարինեն շատ բաց, շատ անկեղծ զրուցակից է, հետաքրքիր պատմող, դերասանական վարպետությունը նրբորեն կիրառող ու հմայիչ և վստահ ենք, որ հանդիսատեսը բացառիկ հետաքրքիր երեկո անցկացրեց սիրված դերասանուհու հետ՝ յուրահատուկ հուշերով, տպավորություններով ու տեղեկացվածությամբ:
Դերասանուհին Կինոյի տուն էր եկել աշխատանքից, ու հանդիպումից հետո գնալու էր հերթական աշխատանքին՝ Ֆրանսիայից Հայաստան ժամանած դրամատուրգ, ռեժիսոր, դերասանուհի Սաթէ Խաչատրյանի հետ իրականացնում է ստեղծագործական նոր նախագիծ, որի առաջնախաղը լինելու է առաջիկա օրերին:
Ի դեպ, հանդիպմանը եկել էին մասնակցելու նաև Սաթե Խաչատրյանը, արվեստասերներ Հալեպից, որոնք տեղափոխվել են Հայաստանում ապրելու ու Նարինեի արվեստի ջերմ երկրպագուն են:
Թեև Ֆրանսիայում բնակվող ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը շտապում էր Նարինե Գրիգորյանին տանելու նոր նախագծի փորձին, բայց Նարինեն երկար ժամանակ տրամադրեց ու լուսանկարվեց իր երկրպագուների հետ:
«Սելֆի թայմ»-ը նույնպես ստացվեց…
04.10.2018