ՆորություններԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈՒՇԵՐ, ԱՐԺԵՎՈՐՈՒՄ...
Օգոստոսի 21-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հանրահայտ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀՈՒՄ յուրահատուկ երեկո էր:
Դոնի Ռոստովում բնակվող մեր հայրենակից, ճանաչված նկարիչ ՆԵՐՍԵՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ընտանյոք հանդերձ հյուրընկալվել էր Կինոյի տանը և կինեմատոգրաֆիստների միությանն էր նվիրում մեր կինոյի մեծանուն վարպետների՝ կինեմատոգրաֆիստների միության բոլոր նախկին նախագահների՝ Ստեփան Կևորկովի, Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Կարեն Քալանթարի, Սերգեյ Իսրայելյանի, Ռուբեն Գևորգյանցի մեծ մատիտանկար դիմանկարները, որոնց վրա նա աշխատել էր սիրով ու նվիրումով:
Իսկ երեկոն յուրահատուկ էր, որովհետև հանդիսությանը ներկա էին նաև կինոյի մեր վարպետների ընտանիքների անդամները, կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, որոնք շատ բան ունեին խոսելու, հիշելու, արժևորելու, գնահատելու:
Հարություն Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց թե մեր հայրենակից նկարիչ Ներսես Կիրակոսյանին, թե «Կառլ Լևոնի» պատկերասրահի հիմնադիր Կառլեն Լևոնիին, ում մտահղացումն էր հայ կինոյի վարպետների նման «վերադարձը» Կինոյի տուն, թե մեր կինոյի վարպետների ընտանիքների անդամներին, որոնք սիրով ներկա եղան երեկոյին և թե մեր կինոյի երկրպագուներին:
Ջերմ զրույցների, հիշողությունների ու գինու շուրջ այս յուրօրինակ հանդիպումը շարունակվեց մինչև ուշ երեկո:
22.08.2018