pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈՅԻ ՏՈՆ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ: 43 տարի անց վերաբացվեց Կինոյի տան մեծ դահլիճը ...
Հունիսի 29-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը կինոյի տոն էր ... 43 տարի անց վերաբացվում էր Կինոյի տան լեգենդար մեծ դահլիճը: 8 ամիս անց կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած փոփոխություններից, ևս մեկ դուռ բացվեց Կինոյի տան դռներից: Առջևում ի թիվս այլ գործերի, մեծ կինոթանգարանի՝ Սինեմատեք-ի գլոբալ նախագիծն է, որի աշխատանքներն արդեն ծրագրման փուլում են:
 
Անվանի կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոյի և թատրոնի դերասաններ, կինոօպերատորներ, սցենարիստներ, քննադատներ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոակադեմիայի անդամներ, անկախ կինոգործիչներ, երիտասարդական կինոյի ներկայացուցիչներ, արվեստի մարդիկ, որոնց կյանքն ամբողջությամբ կապված է հայ կինոյի անցյալի ու ներկայի հետ, ապագայի հետ, որոնց ներդրումով ու նվիրումով է, որ գոյություն ունի հայ կինոարվեստը, որոնց ջանքերով է, որ այսօր կա հայ կինոն ու շարունակվում է, հունիսի 29-ին կրկին Կինոյի տան իրենց սիրելի մեծ դահլիճում էին:
 
Թե լեգենդները, որոնք ստեղծել են հայ կինոն ու մեծ կապվածություն ունեն այս դահլիճի հետ, թե երիտասարդները, որոնք նոր են հայտնաբերում այս դահլիճը, առաջին քայլերն են անում հայ կինոյում, որոնք արդեն ունեն միջազգային հաջողություններ, հրաշալի նորոգված դահլիճում, նախասրահներում զրուցում էին անցյալից ու ներկայից: Նրանք հուշերի մեջ էին և իրականության, նրանք համեմատում էին նախկինը նորի հետ, ծրագրեր կազմում ու հույս հայտնում, որ հայ կինոն նոր ժամանակներ է ապրելու:
 
Կինոյի տան մեծ դահլիճը բացվել էր 1975-ի հենց հունիսի 29-ին և զարմանալիորեն այն մեծ իրադարձություն չէր դիտարկվել Հայաստանում, քանի որ այդ տարիներին Հայաստանում կար շուրջ 700 կինոթատրոն: Բայց և այնպես, Կինոյի տունն իր 3 դահլիճներով, Բուխարու սրահով, ամառային այգիով մի նոր մշակութային կենտրոն դարձավ Երևանի սրտում, օղակաձև զբոսայգու լավագույն հատվածում, իսկ կինոյի տան մեծ դահլիճը՝ 515 տեղով, դարձավ Երևանի ամենամեծ կինոդահլիճը մինչև «Ռուսիա» կինոթատրոնի շահագործումը:
 
Տարիների ընթացքում այն դարձավ նաև Հայաստանի ամենահեղինակավոր կինոդահլիճը և հենց այդ դահլիճում էին կայանում «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված բոլոր կինոնկարների պրեմիերաները:
 
Այս դահլիճում են կայացել մեծ աղմուկ հանած կինոցուցադրություններ, կինոհանդիպումներ, քննարկումներ ու բանավեճեր, որոնք դեռ թարմ են մարդկանց հիշողություններում:
 
Կինոյի տան Մեծ դահլիճը հիշում է նաև տասնյակ կինոլեգենդների, որոնք այցելելով Հայաստան, այցելել են նաև Կինոյի տուն և հենց այս դահլիճում են դիտել ֆիլմեր, ներկա եղել հանդիսավոր երեկոների, մեծ պրեմիերաների, հանդիսությունների:
 
Հայկական կինոյի բոլոր լեգենդար անունների կենսագրությունը՝ ժամանակագրության մեջ, ուղղակիորեն կապված է հենց այս լեգենդար դահլիճի հետ:
 
Եվ ահա, Կինոյի տան մեծ դահլիճի վերաբացումը 43 տարի անց մեծ իրադարձություն էր, քանի որ այսօր Հայաստանում գոյություն ունի մի քանի կինոթատրոն միայն և 510 տեղանոց այս դահլիճը իսկապես մեծ նվեր է հայ կինոյին և հույս, որ վերադառնում են լավագույն կինոպրեմիերաները, կինոքննարկումները, կինոբանավեճերը, կինոմթնոլորտը և գնում ենք դեպի լավ կինոն:
 
Տասնամյակների բեռից անմխիթար վիճակում հայտնված դահլիճն այսօր վերաբացվում է՝ ամբողջովին պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու մտահղացումները:
 
510 տեղանոց այս հրաշալի դահլիճն այսօր Եվրոպայում պահպանված այն քիչ դահլիճներից մեկն է նաև, որը կառուցված է յուրահատուկ ակուստիկ ինժեներիայով, երեսպատված է հատուկ փայտով, որը նպաստում է ձայնի հնչողությանը:
 
Եվ ահա այն վերականգնվել է: Հատուկ մշակման են ենթարկվել երեսպատման փայտը, որպեսզի կրկին իրողություն դառնա դահլիճի եզակի ակուստիկ միջավայրը:
 
Ամբողջովին նորոգված են նաև դահլիճի ենթակառուցվածքները, կինոցուցադրման սրահը, հարակից տարածքները, նախասրահները, կառուցված են նոր սանհանգույցներ, այլ հարմարություններ: Տեղադրված են նոր լուսային համակարգեր, կինոցուցադրման ժամանակակից սարքավորումներ և այլն:
 
Դահլիճում վառված են բոլոր լույսերը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհավորում է ներկաներին և ասելով, որ այս դահլիճի վերաբացումը նաև յուրօրինակ տուրք է մեկ տարի առաջ կյանքից հեռացած կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, առաջարկում է դիտել Սերգեյ Փարաջանովի «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմը՝ վերականգնված Մարտին Սկորսեզեի ղեկավարած Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով, Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում:
 
Խոսք են ասում նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոյի տան մեծ դահլիճի էկրանին կրկին Փարաջանովի ֆիլմն է՝ «Նռան գույնը»:
 
Լեփ-լեցուն դահլիճը՝ հայաստանյան ամառվա թերևս ամենաշոգ օրվա երեկոյին, դիտում է փարաջանովյան հրաշքը՝ վայելելով կինոյի տոնը, որին չի խանգարում նույնիսկ 40-ն անցած սնդիկի սյունը...
 
Ֆիլմի դիտումից հետո Կինոյի տան մեծ դահլիճին հարակից սրահներում երեկոն երկար շարունակվում է հյուրասիրության սեղանների շուրջ՝ հիշողություններով, զրույցներով, միմյանց հետ շփվելու պատեհությամբ և հայ կինոյի ապագայի նկատմամբ հավատով:
30.06.2018