pt:page_news_item, lang:arm
ՆորություններՎԱՂՎԱ ՀԱՅԱՑՔԸ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀԱՐՑԵՐ ԿԻՆՈՅԻ, ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Նրանք՝ վաղվա հայացքով մի մեծ խումբ դպրոցականներ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 հիմնական դպրոցից՝ ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում փոխեցին աթոռների դասավորությունը, շարեցին բարձերը հատակին, տեղավորվեցին ինչպես հարմար է իրենց ու մթության մեջ մեծ էկրանի միջոցով տեղափոխվեցին հայկական մուլտիպլիկացիոն կինոյի աշխարհ:
 
Այդ զարմանահրաշ աշխարհը նրանց խոստանում էր արկածներ, մոտեցնում էր կյանքի իմաստնությունները հասկանալու սահմաններին, ըմբռնելու աշխարհն այնպես, ինչպես կա: Նրանց երևակայական աշխարհում ուրվագծում էին կերպարներ, որոնք ունեն իրենց ասելիք, ուղերձները, փոխանցելիքը:
 
Նաև՝ նրանց տալու էր խորհելու, մտածելու, եզրակացնելու առիթներ:
 
Նրանք խոստացել էին ամենայն ուշադրությամբ դիտել մուլտիպլիկացիոն ֆիլմերը, որոնք «Կինո դպրոցականների համար» խորագրի ներքո պարբերաբար ներկայացվում են մեր դպրոցականներին և ֆիլմերի դիտումից հետո քննարկել դրանք ստեղծագործական խմբերի անդամների հետ ամենայն մանրամասնությամբ:
 
Այս անգամ էլ դպրոցականների հետ հանդիպման էին եկել հայտնի սցենարիստ Արմեն Վաթյանը, հանրահայտ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը: Մարդիկ, որոնք ստեղծել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն ֆիլմեր, գիտեն բոլոր այն գաղտնիքները, որոնք դրված են կինոյի հիմքերում:
 
«Բուխարու սրահ»-ում, որտեղ պատերն անգամ ուսանելի են դպրոցականների համար, սկսված քննարկումը այնքան հետաքրքիր էր, որ թե դպրոցականները, թե հյուրերը դժվարանում էին բաժանվել միմյանցից:
 
Դպրոցականները, որոնք վաղվա հայացքն են, ունեն անսահմանափակ հարցերի իրավունք, ազատ են իրենց մտածումների, եզրահանգումների մեջ, իսկապես կարողացան «նեղել» բազմափորձ մարդկանց՝ նկատելով անգամ այնպիսի մանրուքներ, որոնք վրիպել են պրոֆեսիոնալների աչքերից:
 
Թե Մարտին Վարդազարյանը, թե Իգոր Պատրիկը, թե Արմեն Վաթյանը ամենայն սիրով պատասխանեցին դպրոցականների հարցերին՝ մի քիչ գուցե նաև մանկանալով, և դա միայն հարց ու պատասխան չէր, դա իսկական քննարկում էր, բանավեճ, կարծիքների սուր բախում, որը տեղի էր ունենում 10-13 տարեկան տղաների ու աղջիկների և բազմափորձ պրոֆեսիոնալների միջև:
 
Եվ ասենք, որ «մենամարտ»-ում միշտ չէր, որ հաղթում էին բազմափորձները:
 
Իսկ Իգոր Պատրիկը ոչ միայն «բանավեճի կողմ» էր, այլև դպրոցականներին փոխանցեց այն նյութերը, որոնցով ստեղծվել են մուլտֆիլմերը տարիներ առաջ, ամենայն մանրամասնությամբ խոսեց ստեղծագործական ու տեխնիկական այն խնդիրների մասին, որոնք հաղթահարել են տարիներ առաջ՝ ստեղծելու համար մուլտիպլիկացիոն ֆիլմեր, և ներկայացրեց նաև այսօրվա տեխնոլոգիաները, որոնցով ստեղծվում են այսօրվա սիրելի ֆիլմերը:
 
Եվս մի անմոռանալի օր արձանագրվեց «Կինո դպրոցականների համար» նախագծում ու ևս մի հիշարժան օր՝ Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը, որը նաև դպրոցականների համար է դառնալու մշակութային բացառիկ կենտրոն:
 
Ի դեպ, շատ պատահականորեն, կինոդիտումը համընկավ Հայաստանի կրթության և գիտության նախարարի այցի հետ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, որից կարծում ենք հաճելիորեն զարմացած էին թե նախարարը, թե դպրոցականները:
 
Դա արձանագրվեց նրանց անակնկալ հանդիպման տրամադրությամբ և խմբային լուսանկարով, որին մասնակցեց նաև Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը՝ զրուցելով դպրոցականների հետ ու խրախուսելով, քաջալերելով նրանց:
12.04.2018