pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ԱՎԱՐՏԵՑ. ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆՈՐԵՐԻՆ...
«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը, որն անցկացվում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հրաժեշտ տվեց «ԱՐՎԵՍՏՍԵՐՈՒՆԴ»-ի երկրորդ հոսքին ևս: 

6-13 տարեկան՝ արդեն ավելի քան 80 դպրոցականներ, ամառային իրենց շաբաթ-կիրակիներն անցկացրել են ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ստեղծարար աշխատարաններում՝ ոգևորվելով արվեստով, ստեղծելով իրենց երևակայության պատկերները, ծանոթանալով այդ արվեստների տարբեր շերտերի, քննարկելով մուլտֆիլմեր, անիմացիոն կինոնկարներ և այլն: Ասել է թե՝ մշակութային բովանդակությամբ լցրել իրենց օրը, ժամանակը, աշխատել անիմացիոն արվեստի վարպետներ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ հետ, սովորելով նրանցից և սովորեցնելով նրանց:

Երկրորդ հոսքի նախավերջին ստեղծարար օրը ևս անչափ հետաքրքիր էր: 

Եթե ուշադիր նայեք մեր լուսանկարներին, կնկատեք, որ մեր լույսերը շարքեր կանգնած ամենատարբեր շարժումներ են անում: Իհարկե, մեզ մոտ շարք չեն կանգնում, ազատ են ու անկաշկանդ, ուղղակի նրանք ստեղծում են իրենց անիմացիոն ֆիլմերի կերպարները: 

Կնկատեք նաև, որ մենք լուսանկարները առանձնապես չենք ընտրում, չենք մշակում, չենք փոխում իրականությունը: Մենք ուզում ենք, որ դուք տեսնեք այն մթնոլորտն ու միջավայրը, որում նրանք անցկացնում են իրենց օրերը:

Իսկ ավարտական հավաստագրերի հանձնումը կրկին տեղի ունեցավ ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ արվեստանոցում: 

Եթե կրկին ուշադիր լինեք, կնկատեք, որ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նրանց համար մոշ, խնձոր ու սալոր է պատրաստում՝ հյուրասիրելու, ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ ամբողջ նախորդ գիշեր նկարած նկարներն է պատրաստվում հանձնել իր սաներին, իսկ ՄԱՐԻՆԱՆ նկարել է բոլորիս: 

Հավաստագրերը երեխաներին հանձնվում է նրանց համար այդ թանկ նվերների հետ: 

Ահա այսպես ավարտվեց նաև երկրորդ հոսքի աշխատանքը: Շնորհավորում ենք բոլորին: Շնորհակալ ենք բոլորին:

Սպասում ենք «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-ի նորերին:   

Իսկ բոլորով կրկին կհանդիպենք սեպտեմբերի վերջին:
05.08.2021