pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԿԱՆԱՆՑ ԳՅՈՒՂԸ»-Ի ԿԱՆԱՅՔ՝ «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-ՈՒՄ. ԵՐԲ ՖԻԼՄԸ ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ՖԻԼՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ
Բացառիկ հանդիպումներից էր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում և «Բուխարու սրահ»-ում: 

Նախ, որ Ֆրանսիայից Երևան էր եկել ֆիլմի ռեժիսորը՝ հայկական կինոյի ճանաչված ու սիրված ռեժիսորներից՝ ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, որի «ԿԱՆԱՆՑ ԳՅՈՒՂԸ» ֆիլմը բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ «Festival Les Étoiles»-ից մինչև վավերագրական ֆիլմերի Լայպցիգի «DokLeipzig», ներկայացրել է հայկական նոր կինոն, Հայաստան է բերել կարևոր մրցանակներ՝ առարկայորեն ցույց տալով այն զարգացումները, որ առկա են հայկական կինոյում և կինոարտադրությունում վերջին տարիներին:

Համատեղ արտադրության այս ֆիլմը, որը պատմում է հայկական գյուղի ամենացավոտ խնդիրներից մեկի՝ տղամարդկանց արտագնա աշխատանքի և միայնակ ապրող ու աշխատող կանանց, երեխաների կյանքի, նրանց հոգեբանական նուրբ փոխակերպումների, սիրո, ընտանիքի, հայրենի եզերքի ընկալումների մասին, գրեթե անընդհատ միջազգային կինոքննադատության և կինոաշխարհի հետաքրքրությունների շրջանակում է, որն ապացույց է այն բանի, որ ռեժիսորը կարողացել է խնդիրը ներկայացնել կինոյի լեզվով և դարձնել այն համամարդկային ընկալման խնդիր:

Հանդիպումը բացառիկ էր նաև այն առումով, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հերոսները՝ Գեղարքունիքի Լիճք գյուղի բնակիչ կանայք, որոնց միջոցով էլ ռեժիսորը կերտել է իր կինոպատմությունը: 

Շատ տպավորիչ ու զգացական էր հանդիպումը: Ֆիլմի հերոսները մի կողմից վերապրում էին նկարահանման օրերը, պատմությունները, կիսվում դրանցով հանդիսատեսի հետ, մյուս կողմից մեծ էկրանին տեսնում էին իրենց կյանքի դրվագները, որոնք ընդհանրացնում են գոյություն ունեցող խնդիրը: 

Ֆիլմի դիտումից հետո նրանք հանդիսատեսի հետ անկեղծացան բազմաթիվ պատմություններով, ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ իրենց աշխատանքի դրվագներով և այլն:

Վստահ ենք, որ նրանք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից հեռացան հարստացած և դրական բազմաթիվ լիցքերով:
26.07.2021