pt:page_news_item, lang:arm
ՆորություններՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄՈՒՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Դեռևս ամիսներ առաջ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում՝ նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ, տեղի ունեցան Կինոյի տան գլխավոր մուտքը և հարակից հրապարակի միջավայրը նորարար ճարտարապետական լուծումներով զարգացնելու հետ կապված քննարկումներ, որոնք էլ հանգեցին այն մտքին, որ այդ լուծումները գտնելու լավագույն հնարավորությունները կարող են առաջարկել երիտասարդները:

Արդյունքում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ սկսվեց մի աշխատանք, որին իրենց մեծ աջակցությունը բերեցին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի վարիչ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար ԱՐՄԵՆ ՇԱՏՎՈՐՅԱՆԸ:

Նրանց և մասնավորապես ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ ոգևորությունը՝ լուծումները գտնել ուսանողների միջոցով, ուսանողական մի մեծ խմբի բերեց դեպի Կինոյի տուն և ԱՐՄԵՆ ՇԱՏՎՈՐՅԱՆԻ ջանադիր աշխատանքի արդյունքում ուսանողների խմբերը սկսեցին պրոֆեսիոնալ նվիրումով աշխատել այն առաջադրանքի վրա, որը ծնվել էր Կինեմատոգրաֆիստների միությունում:

Այն էր՝ զարգացնել, գեներացնել մտքեր, մշակել մոդելներ, առաջարկել ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներ, որոնք կարող են Խանջյան, Վարդանանց և Արամի փողոցների միջնամասում գտնվող Կինոյի տան գլխավոր մուտքը և հարակից հրապարակը վերածել աստղային հրապարակի՝ հայ կինոյի դերասանական աստղաբույլի ժառանգությունն այդ կերպ հանրայնացնելու նպատակով, ինչպես նաև ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի առանձնանալ կինոյի աշխարհի հետ, ունենալ կրթական ու մշակութային զարգացումների հնարավորություն և այլն:

Եվ ահա, ամիսների հետևողական աշխատանքից հետո երեկ Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ ՀԱՍՄԻԿ ԱՐԱՄՅԱՆԸ, ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ, ՀԱՅԿ ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆԸ, ԱՐԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացրեցին մի քանի մտահղացումներ, որոնց աշխատանքներին մասնակցել էին նաև իրենց դասընկերներ ՅԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՍՈՂՈՅԱՆԸ, որոնք սակայն չկարողացան ներկա լինել քննարկմանը:

Ի սկզբանե նշվեց, որ աշխատանքները մտքերի գեներացումներ են, մտահղացումներ, որոնք կարող են ունենալ ամենատարբեր զարգացումներ: Գլխավորը՝ ստեղծված են քաղաքաշինական և ճարտարապետական միջավայրեր, որոնք հետագայում պրոֆեսիոնալ ճարտարապետական արվեստանոցների հետ միասնական աշխատանքի արդյունքում կարող են Երևան քաղաքին նվիրել գողտրիկ, ժամանակակից լուծումներով մի անկյուն, որը նաև հոգևոր կապ կունենա ոչ միայն կինոյի, այլև այն միջավայրի հետ, որը տասնամյակներ առաջ կար Կինոյի տան շրջակայքում:

Միության կոնֆերանսների սրահում ուսանողները մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց նախագծերը, որից հետո կայացավ շատ հետաքրքիր քննարկում, որին մասնակցեցին ոչ միայն կինոգործիչներ, այլև հրավիրված երիտասարդ ճարտարապետներ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՆԱՀԱՏԱԿՅԱՆԸ: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որն այս պահին աշխատում է Ռոտերդամում, նաև Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Ազգային սինեմատեք. կրթական-մշակութային- զբոսաշրջային հանգույց» նախագծի համահեղինակներից է և կառույցի ճարտարապետական լուծումների մշակողներից մեկը:

Շատ հետաքրքիր և առարկայական քննարկում տեղի ունեցավ, քննարկվեցին բոլոր հնարավոր զարգացումներն ու լուծումները:

Հույս ունենք, որ Երևանի քաղաքապետարանն ու անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ հետաքրքրություն կներկայացնեն այս մտահղացման հետ կապված, և հնարավորություն կունենանք կյանքի կոչել այն գաղափարները, որոնք այս պահին դեռ նախնական մշակման փուլում են:

Իսկ մինչ այդ, ստիպված ենք մեր բոլոր ջանքերը ներդնել և ուժերը վատնել Կինոյի տան գլխավոր մուտքն ու նրան հարակից հրապարակը պահպանել սրճարանատերերի ապօրինի ոտնձգություններից ու գործողություններից՝ սպասելով իրավապահ մարմինների ու քաղաքային իշխանության քայլերին: 

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անունից ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին և մասնավորապես նախագծերի հեղինակ ուսանողներին՝ իրենց համար ամառային այս բազմազբաղ օրերին այդքան ժամանակ տրամադրելու, իրենց ստեղծարար մտահղացումները նախագծելու և սիրով ներկայացնելու համար:
21.07.2021