pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. ՀԱՐԳԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ դուք զբաղվում եք մեր գործով (մեզ այդպես եք ասում), մինչ մենք սպասում ենք մեր նամակների պատասխաններին, մինչ հարուցված քրեական գործով ասում եք, որ գործն ընթացքի մեջ է՝ ուրեմն հարուցված քրեական գործի առկայությամբ, քաղաքապետարանի ու թաղապետարանի ամբողջական տեղեկացվածության պայմաններում, ամենազոր սրճարանատերերը շարունակում են ապօրինաբար զարգացնել իրենց սրճարանի գոյությունը՝ ի հաշիվ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան թեքահարթակի ոչնչացման:

Կրկին աշխատանքային ժամերից հետո, կրկին մթության քողի տակ, ապօրինի քանդված թեքահարթակի տեղում ապօրինի կառուցված աստիճանների վրա ավելացել են այս մետաղական ճաղավանդակները: 

Ձեր քթի տակ, ձեր աչքի առաջ: Հասկանո՞ւմ եք, իրենք անում են ինչ ուզում են: Արդյո՞ք այն անունների պատճառով, որ շրջանառվում են այս սրճարանատերերի հետ փոխկապվածության պահով:

Արդյո՞ք շարունակում են ամենազոր մնալ մարդիկ, որոնք այս ընթացքում իրենց ձեռքով պետք է քանդած լինեին ապօրինի կառուցածը, պետք է վերականգնեին պատճառած վնասը: 

Ի վերջո, կան նաև միջազգային փաստաթղթեր՝ կապված հաշմանդամների և շարժունակության խնդիրներ ունեցող անձանց հետ:
 
Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ: 

Քաղաքապետարան ու թաղապետարան դիմել ենք, ոստիկանություն դիմել ենք, վարչապետին դիմել ենք, Մարդու իրավունքների պաշտպանին դիմել ենք: 

Միայն չենք դիմել Վլադիմիր Պուտինին:  

Ձեզ հավատացնում ենք, որ վաղն այս հրապարակում հայտնվելու են սրճարանային սեղաններ, հետո դրանք բազմանալու են, հետո հայտնվելու են տարատեսակ սրճարանային «զարդարանքներ»:

Մինչ մենք սպասում էինք ձեր աջափնյակային արձագանքին Կինոյի տանը, ապօրինությունները շարունակվում են:  

Գուցե, ի վերջո միջամտե՞ք...
10.07.2021