pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ՆՈՐԵՐԸ
ԵՐԿՐՈՐԴ ԽՈՒՄԲԸ ՍԿՍԵՑ ԱՐՎԵՍՏԱՅԻՆ ԱՄԱՌԸ

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագծի երկրորդ հոսքը սկսեց իր արվեստային մեկամսյակը: 

Որքան էլ դժվար էր հրաժեշտ տալ նախագծի առաջին խմբի մասնակիցներին, այնուամենայնիվ, ծրագիրը շարունակական է և դեռ առաջիկա ամիսներին նորանոր խմբերի ենք հյուրընկալելու և նոր ու լուսավոր բազմաթիվ դեմքեր են դեռ ներկայանալու: 

Երկրորդ խմբի մասնակիցների ու նրանց ծնողների հանդիպումը ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարանների ղեկավարների հետ կրկին կայացավ մեր գործընկեր «Ֆենիքս» գրախանութում:

Մենք կարևորում ենք մեր նախնական հանդիպումը գրքային միջավայրում, քանի որ գրականությունն է այն հիմքը, որի հիման վրա ծնվում է մեծն Կինոն: 

Իսկ «Ֆենիքս»-ի մեր գործընկերները ոչ միայն ապահովում են աշխատարանների գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքներն ու պարագաները, այլև յուրօրինակ խաղերով ու մրցույթներով շատ հրաշալի նախատրամադրություն են ստեղծում, որի համար անչափ շնորհակալ ենք:

«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը, որն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ, նպատակ ունի ամառային Երևանում ստեղծել ինքնատիպ մշակութային միջավայր, ազատ, ստեղծարար մթնոլորտում մասնակիցներին հաղորդել լրացուցիչ գեղագիտական կրթություն, տալ հավելյալ մշակութային բովանդակություն և մշակույթը նրանց համար դարձնել ապրելու կերպ:

Շատ դժվար է, այդ թվում և մեր լուսանկարչի համար, զսպել ցանկությունը և մեկ առ մեկ չֆիքսել այն լուսավոր, պայծառ դեմքերը, այն խելացի ու մտածող աչքերը, որոնք մեր նոր սերնդինն են և մենք դա անում ենք:

Սիրով սպասում էինք «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-ի նորերին և նրանք եկան:

Բարի գալուստ արվեստի ստեղծարար աշխարհ:
07.07.2021