pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ»-Ի ԱՌԱՋԻՆՆԵՐԸ
ԺՊԻՏՆԵՐ, ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ, ՆՎԵՐՆԵՐ, ՊԱՂՊԱՂԱԿ, ՀՈՒԶՄՈՒՆՔ ՈՒ ԼԱՎ ՄԻՋԱՎԱՅՐ

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԱՐՎԵՍՏԱՍԵՐՈՒՆԴ» նախագիծը, որն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ, հրաժեշտ տվեց ԱՆԻՄԱՑԻՈՆ և ԿԻՆՈՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ աշխատարանների առաջին երեսուն սաներին։

Հրաժեշտ բառն, իհարկե, այս պարագայում մի քիչ պայմանական է, քանի որ նախ հանդիպելու ենք սեպտեմբերին՝ ցուցահանդեսներով ու անիմացիոն գործերի ցուցադրություններով, ինչպես նաև նրանք, որոնք կցանկանան շարունակել մասնակցությունը, կկարողանան իրագործել իրենց ցանկությունը։

Իսկ հրաժեշտի հանդիպումը շատ ստեղծարար ու ինքնատիպ միջավայրում էր՝ Կինոնկարչության աշխատարանի ղեկավար, նկարիչ, մուլտիպլիկատոր ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ գրավիչ արվեստանոցում, որը յուրօրինակ մի դաս էր մեր փոքրիկ ու պատանի ստեղծագործողների համար։

Նախ նրանք միասին քննարկեցին Մարինայի ստեղծագործությունները, արեցին իրենց շատ լուրջ դատողություններն ու հարցադրումները, կիսվեցին կարծիքներով, տեսակետներով, որից հետո ԱՆԻՄԱՑԻՈՆ աշխատարանի ղեկավար, նկարիչ, ռեժիսոր, անիմատոր ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ու ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ իրենց սաներին հանձնեցին ՀԱՏՈՒԿ ՀԱՎՍՏԱԳՐԵՐԸ, որոնք տպագրված են մեր կերպարվեստի լեգենդներից՝ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ստեղծագործության վրա։

Շատ աշխույժ, ջերմ, հուզմունքով լեցուն մթնոլորտում 6-13 տարեկան մեր դպրոցականները տարբեր դպրոցներից, որ բացառիկ մտերմություն ձեռք բերեցին հենց մեր աշխատարաններում, նաև բացառիկ նվերներ ստացան։ 

ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ նրանց բոլորի համար հատուկ նվեր էր պատրաստել․ բոլորի համար նկարել էր մեկական փոքրիկ գործ, որոնք անկրկնելի տպավորություններ էին փոխանցում և անմոռաց կլինեն մեր հրաշքների համար։

Դե, իսկ պաղպաղակն ու ազատությունը ոչ մի բանով փոխարինել հնարավոր չէ։

Մենք շատ սիրեցինք մեր փոքրիկ արվեստագետներին, մեր նոր ստեղծագործողներին ու մենք միշտ սպասելու ենք նրանց։ Եվ եթե տարիներ անց նրանց անունները հայտնի դառնան բոլորին, կմտածենք, որ մենք էլ ունենք մեր փոքրիկ ներդրումը։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐ
 
05.07.2021