pt:page_news_item, lang:arm
ՆորություններՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԿԱՄ՝ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐՈՎ
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ԿԱՄ՝ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐՈՎ

Մեր կինոյի նվիրյալ անուններից մեկի՝ կինոռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի երկարամյա դասախոս, իր կյանքի լավագույն տարիները կինոսերնդին նվիրած, երջանկահիշատակ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ սաները հունիսի 18-ի երեկոն սիրով նվիրել էին իրենց վարպետին՝ բոլորին հրավիրելով Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր դահլիճ՝ մուտքը սպիտակ վերնաշապիկներով, ինչպես սիրում էր ասել իրենց վարպետը:
 
ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի՝ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ արվեստանոցի 3-րդ կուրսի սաների կուրսային աշխատանքների ցուցադրությունը հրաշալի առիթ էր ևս մեկ անգամ խոսելու ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ստեղծագործողի, ուսուցանողի, կրթողի մասին, հիշելու նրան և շատ յուրահատուկ շնորհակալություն ասելու մարդու, ում սաներից շատերն այսօր կայացած մարդիկ են, ինքնուրույն «խաղացողներ» կինոյում և հեռուստատեսությունում, իրենց արվեստը ստեղծած ու ստեղծող, ճանաչում ձեռք բերած և այլն:
 
Վավերագրող կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ երկարամյա դասախոս ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անժամանակ մահից հետո արվեստանոցի ղեկավարությունը ստանձնել էր ռեժիսոր ԱՐՇԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով էլ ոգևորել էր իր սաներին: 
 
Ցուցադրությունից առաջ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ ողջունեց ներկաներին, շնորհավորեց ուսանողներին, նշելով, որ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ արվեստանոցի սաները մի մեծ ընտանիք են, և շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են իրենց ավագ ընկերները ոգևորում և աջակցում կրտսերներին ամեն ինչում:
 
ԱՐՇԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ևս ողջունեց ներկաներին և խնդրեց հոտնկայս հարգել իր ընկերոջ և բոլորի սիրելի ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակը, որից հետո սկսվեց ֆիլմերի դիտումը:
 
Երիտասարդները սահմանել էին հատուկ դրես-կոդ երեկոյի համար՝ ներկայանալ սպիտակ վերնաշապիկներով, ինչպես սիրում էր իրենց Վարպետը...
22.06.2021