pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՀԱ, ԱՅՍՊԵՍ ՆՇԵՑԻՆՔ... ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐԸ՝ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԵՏ
Ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օրը, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում որոշեցինք նշել նոր սերնդի հետ՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան մեծ դահլիճը, ողջ օրը տրամադրելով տարբեր դպրոցների տարբեր տարիքի դպրոցականներին:

Շատ-շատերը նրանցից չեն հաղորդակցվում մեծ էկրանի, կինոդահլիճի հետ: Նոր տեխնոլոգիաներն անում են իրենց գործը: 
Եվ շատ կարևոր էր հենց այն կինոդահլիճում, ուր կան ավանդույթներ, ուր հայ կինոյի պատմության մի մասն է, ուր հիշողությունն է ազգային կինոյի լավագույն վարպետների՝ Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Յուրի Երզնկյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի և այլոց, ուր վառվում են բազմաթիվ լույսեր, պատկերը հայտնվում է մեծ էկրանին ու ներկայանում է մեծն Կինոն, դպրոցականների հետ խոսել կինոյի, կինոարվեստի, հայ կինոյի, նրա անցածի ու ապագայի մասին, լսել նրանց հարցերն ու զրուցել նրանց հետ:
 
Դահլիճը կամաց-կամաց լցվում էր: Նրանք զրուցում էին ընկերներով, ուսումնասիրում, տնտղում՝ մինչ կհանգեին լույսերը:
Նախ կայացավ մուլտիպլիկատոր, անիմատոր ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ «ԱՐԵԳՆԱԶԱՆ. ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որից առաջ և հետո ֆիլմի ռեժիսորը խոսեց անիմացիոն կինոյի, «Արեգնազանի», Ղազարոս Աղայանի ստեղծագործության և դրա մոտիվներով ստեղծված գործի մասին: 
 
Հրաշալի գույներով պատկերներ, սիրելի կերպարներ, հայոց լեզու, լավ երաժտություն...
 
Ավելի ուշ ցուցադրվեց կինոռեժիսոր ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԱՆԻԿՈ» ֆիլմը, որը եզակի հայկական մանկական ֆիլմերից է, որում ներգրավված են ճանաչված ու սիրված դերասաններ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ և այլոք, իսկ գլխավոր հերոս երեխաներին՝ Անիկոյին ու Արամին մարմնավորող ՆԱՐԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ու ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ուղղակի հիացնում էին դպրոցականներին:

ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ևս ֆիլմից առաջ ու հետո հանդիպեց պատանի հանդիսատեսի հետ, խոսեց ֆիլմի, նկարահանումների մասին, պատասխանեց նրանց հարցերին:

Իսկ կինոգետ, կինոքննադատ ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ դպրոցականների հետ խոսեց հայ կինոյի անցյալից, ներկայից՝ վստահաբար շատերի մեջ հետաքրքրություն ու սեր առաջացնելով կինոարվեստի նկատմամբ:

Կինոյի տան մեծ դահլիճն ամբողջ օրը լեցուն էր դպրոցականներով, ծնողներով, ուսուցիչներով, որոնք գնում էին, գալիս, վայելում հայկական կինոն, կինոմթնոլորտը, և դահլիճից հեռացան մեծ գոհունակությամբ, նոր սպասումների ակնկալիքով ու շնորհակալությամբ, ինչը պարտավորեցնող է ու զգաստացնող:

Կինոգործիչների հետ հանդիպումը, զրույցը ֆիլմերի, կերպարների, նկարահանումների ու մեծ կինոյի մասին չի կարող անհետևանք մնալ:

Հատուկ ուզում ենք ընդգծել Նոր Հաճնի երրորդ դպրոցի և Մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի սաներին, ուսուցիչներին ու ծնողներին, որոնք մեծ մասնակցություն ունեցան Հայ կինոյի օրվա ծրագրին ու իրենցով լցրեցին օրը:

Եվ ընդհանրապես, շնորհակալ ենք բոլորին, որոնք հայ կինոյի օրն անցկացրին Կինոյի տանը:

Իսկ մինչ բոլորը սպասում էին ծրագրի մեկնարկին, Նոր Հաճնի 3-րդ դպրոցի սան ԷԼԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ Կինոյի տան մեծ դահլիճը լցրեց դասական երաժշտության իր կատարումներով ու ամբողջ խմբով կոմիտասյան «Կաքավիկը» երգելով:

Ահա, այսպիսին էր Հայ կինոյի օրը Կինոյի տանը, որը երկար կմնա բոլորիս հիշողության մեջ:
20.04.2021