ՆորություններՀԻՇԵԼ, ՀԱՐԳԵԼ, ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ...
Կինոերեկոն Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում նվիրված էր մեր գործընկերոջ՝ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հիշատակին:
Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված բազմաթիվ դժվարություններ կան և մարդիկ խուսափում են մարդաշատ վայրերից, այնուհանդերձ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ արժանին մատուցելու հանգամանքը Կինոյի տան մեծ դահլիճ էր բերել բազմաթիվ գործընկերների, նրա արվեստի երկրպագուների, նրա կյանքն ու անցած ճանապարհը գնահատողների:
Դեռևս 2016 թվականին ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ նկարահանվեց սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի «ՏՂԱՍ, Ո՞ՒՐ Է ԵՓՐԱՏԸ» ֆիլմի գլխավոր դերում և դա կարծես թե եղավ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ վերջին մեծ դերը կինոյում:
Ֆիլմն ունեցավ բազմաթիվ արտերկրյա ցուցադրություններ, շրջեց փառատոներով, արժանացավ մրցանակների, Յալթայի կինոփառատոնում ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ արժանացավ «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակին և այլն, սակայն ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի չունեցավ՝ իրադարձություններով պայմանավորված և այն տեղի ունեցավ արդեն այսօր՝ սակայն, ցավոք, առանց ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ:
Բացելով կինոերեկոն, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խոսեց ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ մասին՝ նշելով, որ մենք չէինք կարող այս երեկոն չնվիրել ՎԻԳԵՆԻՆ, քանի որ հիշել, հարգել և արժանին մատուցել մենք պարտավոր ենք, մանավանդ մի մարդու առջև, որը նվիրված էր կինոյին, արվեստին, մշակույթին, ապրեց կյանքը, ծանր տարավ մեզ բաժին դարձած փորձությունները:
ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ և ֆիլմի նկարահանումների մասին խոսեց նաև ֆիլմի ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ մեծապես կարևորելով ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ աննկարագրելի մեծ ներդրումը ֆիլմի կայացման գործում՝ իր շնորհակությունը հայտնելով և իր խոնարհումը բերելով արտիստին:
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո հանդիսատեսը Կինոյի տան մեծ դահլիճի էկրանին դիտեց «ՏՂԱՍ, Ո՞ՒՐ Է ԵՓՐԱՏԸ» ֆիլմը, որն այնքան նման էր ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ապրած կյանքին ու կյանքից հեռանալուն:
05.04.2021