ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈԶՐՈՒՅՑ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության հերթական կինոերեկոն այս անգամ կարելի է բնորոշել որպես երիտասարդական կինոզրույց երիտասարդական կինոյի շուրջ:
Կինոյի տան փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվան թատրոն) մեծ թվով երիտասարդներ երիտասարդական կինոյի շուրջ զրուցելու էին հավաքվել գերմանաբնակ հայ արվեստագետ Արթուրո Սայանի հետ:
Նրանք նախ դիտեցին ռեժիսորի երկու ֆիլմերը՝ «#Մաեստրո 95» ֆիլմ-կոլաժը՝ նվիրված մեծ ֆենոմեն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին, և «Նահանջը առանց երգի» էսսե ֆիլմը՝ հյուսված սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի համանուն վեպի մոտիվներով:
Ցուցադրությունից առաջ կինոռեժիսոր Արթուրո Սայանին ներկայացրեց Կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ, Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ Միքայել Դովլաթյանը, որից հետո Արթուրո Սայանը հակիրճ ներկայացրեց իր ֆիլմերը:
«#ՄԱԵՍՏՐՈ95»-ը ստեղծված է յուրահատուկ կոլաժի տեսքով, ընդգրկում է հետաքրքիր դրվագներ Մաեստրոյի կյանքից, որոնք շունչ են հաղորդում ֆիլմին: «Նահանջը առանց երգի» ֆիլմը ռեժիսորը ստեղծել է՝ վեպի 20-րդ դարի առաջին կեսի իրադարձությունները ադապտացնելով մեր ներկային, ցույց տվել, որ գրեթե մեկ դար անց էլ վեպում արծարծված խնդիրներն արդիական են ու ավելի կարևոր:
Կինոդիտումից հետո ծավալվեց խոստացված մտերմիկ զրույցը, փորձի ու կարծիքների փոխանակումը...
23.02.2021