pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՀԱՅԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԴԵԲՅՈՒՏԸ» ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Ամերիկաբնակ երիտասարդ ստեղծագործող ՀԱՅԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոների միջև ընկած կարճ ժամանակահատվածում Հայաստանում էր, և հյուրընկալվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը:
 
Որևէ առիթ բաց չթողնել՝ ներկայացնելու երիտասարդ ստեղծագործողներին, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին, մտածումներին, անելիքներին. ահա այն քաղաքականությունը, որն առաջնահերթություն է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
 
Հայկ Մաթևոսյանը Հայաստանից հեռացել է 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո, ստացել է աշխարհի լավագույն կինոկրթություններից մեկը, լինելով նորարար ու փնտրող՝ կարողացել է կատարելագործել կրթությունը բազմաթիվ նախագծերում, անընդհատ սովորելով ու զարգանալով կինոարվեստի հմտություններում:
 
Տաղանդավոր անհատը մասնակցել է նաև ժամանակակից կինոյի հսկաների՝ Բելլա Տարրի ու Վերներ Հերցոգի վարպետության դասերին, աշխատել նրանց աշխատարաններում՝ ստեղծելով սեփական ֆիլմերը:
 
Եվ ահա, Հայկ Մաթևոսյանը հենց այդ ֆիլմերով էլ ներկայացավ երևանյան հանդիսատեսին:
 
Հայկի ֆիլմերը՝ «Clouds over Corripo», «Art in Motion», «Voices of Silence», արդեն գրավել են միջազգային փառատոների ու կինոյի մեծ խաղացողների ուշադրությունը: Այս պահին էլ Հայկը Բեռլինի միջազգային կինոփառատոնում է և ներկայանում է իր աշխատանքով:
 
Շատ ուշագրավ աշխատանքներ էին Հայկ Մաթևոսյանի ֆիլմերը՝ նորարարությունից մինչև շատ հետաքրքիր կինոմտածողություն ու կինոլեզու, դրամատուրգիական յուրահատուկ կառուցվածքներ ու պատկերային շատ ինքնատիպ շարքեր:
 
Ֆիլմերի դիտումից հետո «Բուխարու սրահում» Հայկը պատմեց ֆիլմերի ստեղծման ընթացքի, լեգենդար կինոգործիչների հետ աշխատելու առանձնահատկությունների և ձեռք բերած փորձի մասին՝ պատասխանելով ներկաների տարաբնույթ հարցերին, որը դարձավ շատ յուրահատուկ ինտերակտիվ զրույց:
 
Հետագա ստեղծագործական նոր հաջողություններ ենք մաղթում Հայկին:
27.02.2020