pt:page_news_item, lang:arm
ՆորություններԲՈԼՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ «ԼՔՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԿԻՐՃԸ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ՝ 45 ՏԱՐԻ ԱՆՑ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն իր կինոքննարկումների, կինոդիտումների, կինոբանավեճերի, հանդիպումների ու մեծարումների, կինոերկխոսությունների նոր շրջանը սկսեց կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի 45-ամյա հոբելյանի նշումով:
 
«Սիրված հայկական կինո» խորագրի ներքո կինոցուցադրությունը շատ լավ առիթ էր հանդիպելու ֆիլմի ստեղծագործական կազմի անդամների հետ, խոսելու նկարահանումներից, կերպարներից, ֆիլմի ստեղծման գաղտնիքներից, կինոերաժշտությունից ու պարզապես զրուցելու:
 
Ցավոք, գլխավոր դերակատարներից Լաուրա Գևորգյանը չկարողացավ ներկա լինել հանդիպմանը, բայց սիրով իր հանդիսատեսի հետ հանդիպելու հրավերն ընդունեց սիրված կինոդերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որը Միհրանի դերում ստեղծել էր առինքնող ու գրավիչ մի կերպար, որին հանդիսատեսը սիրահարված էր:
 
Հանդիպման հրավերը չմերժեց նաև ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որի երաժշտությունը անքակտելի մաս է կազմում ֆիլմի դրամատուրգիային:
 
Երկար տևած զրույցի ընթացքում թե Ալեքսանդր Խաչատրյանը և թե Ռոբերտ Ամիրխանյանը շատ անկեղծ զրույց ունեցան հանդիսատեսի հետ, խոսեցին այն գաղափարների մասին, որոնք ընկած են ֆիլմի դրամատուրգիական հիմքում, որն էլ առիթ տվեց խոսելու կյանքի, սիրո, նվիրումի, դավաճանության, ներելու և այլ թեմաներով:
 
Եվս մեկ սիրուն ու անկեղծ երեկո Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահում», որ շարունակվեց երկար ու դեռ բազմաթիվ զրույցներ մնացին անավարտ՝ կրկին հանդիպելու ու զրուցելու ակնկալիքով:
 
Իսկ ներկաներն իրենց հետ կտանեն բազմաթիվ գաղտնիքներ, որ հասու էին միայն ֆիլմի գլխավորներին ու արդեն հասու դարձան նաև հանդիսատեսին:
04.10.2019