Օգոստոսի 2-8-ը Վիբորգում կայանալիք Ռուսական կինոյի «Պատուհան Եվրոպա» 27-րդ կինոփառատոնում կայանալու են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միանգամից վեց ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որոնց, որպես փառատոնի պատվավոր հյուր, հրավիրված է նաև կինոռեժիսորը:
Առաջինը հանդիսատեսին է ներկայացվելու կինոռեժիսորի «Սպիտակ քաղաք» ֆիլմը:
Հարություն Խաչատրյանի այս ֆիլմն իր ժամանակին ընդգրկվել է Բեռլինի, Վենետիկի, Մոսկվայի միջազգային կինոփառատոներում, Ամստերդամի, Մյունխենի, Փարիզի «Իրական կինո» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոներում, Ամերիկյան կինոինստիտուտի փառատոնում և այլուր, ստանալով տասնյակ կինոմրցանակներ: Տասնամյակներ առաջ ֆիլմը՝ «Հայկական կինոյի հետահայաց ցուցադրություն» նախագծում, իր հանդիսատեսին է ներկայացրել նաև Փարիզի «Պոմպիդու» կենտրոնը:
Վիբորգյան հետահայացում հանդիսատեսը վայելելու է նաև Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը: Այն ֆիլմը, որը ժամանակին ճեղքեց խորհրդային արգելքների պատնեշն ու հայկական վավերագրական կինոյի նոր ձեռագիրը ներկայացրեց աշխարհին: «Կոնդ»-ը նույնպես միջազգային փառատոնային և հետահայաց ցուցադրությունների մեծ կենսագրություն ունի, կինոմրցանակների մեծ շարք:
Ռուսական կինոյի փառատոնի միակ հետահայաց ցուցադրությունների ծրագրում է նաև Հարություն Խաչատրյանի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Քամին ունայնության» ֆիլմը: Ֆիլմ, որն անցել է Մոնրեալի, Բոստոնի, Փարիզի միջազգային կինոփառատոներով՝ հայ կինոյին բերելով բազմաթիվ կինոմրցանակներ ու ճանաչում, հետահայաց ցուցադրվել Փարիզի «Պոմպիդու» կենտրոն հետահայացների ծրագրում:
Օգոստոսի 5-ին և 6-ին վիբորգյան կինոփառատոնի հանդիսատեսը դիտելու է Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» և «Սահման» ֆիլմերը:
«Պոետի վերադարձ»-ը մի ֆիլմ է, որը ժամանակին ընդգրկվել է Ռոտերդամի, Կառլովի Վարիի, Էդինբուրգի, Մելբուռնի, Բուխարեստի, Նոր Զելանդիայի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների ծրագրերում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հենց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ տարիների ընթացքում հայկական կինոյին բերելով մի շարք միջազգային հեղինակավոր կինոմրցանակներ:
Հարություն Խաչատրյանը նաև այս ֆիլմի համար արժանացել է Նիդերլանդների Թագավորության արքայական ընտանիքի պարգևին, որը տրվում է արվեստում նշանակալի ներդրման համար:
Այս ֆիլմը ևս բազմաթիվ հետահայաց ցուցադրություններ է ունեցել, այդ թվում և Բրիսբենի հռչակավոր պատկերասրահի մեծ ճանաչում ունեցող կինոծրագրում:
Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան ևս կայացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, արժանացել է ֆրանսիական «Սինեմա դը Ռեել»-ի բացման ֆիլմի պատվին, «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» է ճանաչվել Սիրակուզի միջազգային կինոփառատոնում:
«Սահման»-ն արժանացել է նաև թուրքական Անթալիայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին և «Լավագույն ոչ խաղարկային ֆիլմ» մրցանակ ստացել իսպանական Խիխոնի միջազգային կինոփառատոնում:
Այս ֆիլմը Հայաստան է բերել նաև Եվրոպական միության «Մարդու իրավուքների և խաղաղության համար», ինչպես նաև իտալական «Դարկո Բրատինա» հեղինակավոր մրցանակները:
«Սահմանը» նաև այն եզակի ֆիլմերից է, որ ցուցադրվել է Լուվրի համաշխարհային ճանաչում ունեցող կինոնախագծում:
Ռուսական կինոյի փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագիրն ավարտվելու է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ:
Հետահայաց ցուցադրությունները լավագույն միջոցն են ծանոթանալու որևէ կինոռեժիսորի անցած ստեղծագործական ուղուն և լավագույն գործիքն են՝ ներկայացնելու որևէ երկրի կինոն իր զարգացման համատեքստում:
Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայացները Հայաստանն ու հայկական վավերագրական կինոն ներկայացրել են Դոկումադրիդի 7-րդ, Թելորայթի 37-րդ, Մոսկվայի, Սոֆիայի, Նիոնի, Ֆլաերտիանայի միջազգային կինոփառատոներում, Իսրայելի Սդերոտ քաղաքի «Cinema South» 9-րդ միջազգային փառատոնի համաշխարհային կինո ծրագրում, Ամերիկյան ֆիլմինստիտուտի կինոփառատոնում, Բոլոնիայի սինեմատեքում, Darko Bratina մրցանակի առիթով Իտալիայի և Սլովենիայի հինգ քաղաքներում, Cineteca Nacional de México՝ Մեքսիկայի ազգային կինոարխիվում, Բեռլինի երկու կինոթատրոններում:
Անցյալ տարի «Արևելք-Արևմուտք կամուրջ» նախագծով Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն տեղի ունեցավ նաև Եվրոպական հռչակավոր «BOZAR» կենտրոնում:
Նշենք, որ Վիբորգում կայանալիք Ռուսական կինոյի «Պատուհան Եվրոպա» 28-րդ կինոփառատոնում կայանալու է նաև Հարություն Խաչատրյանի կինոարվեստին նվիրված «Հարություն Խաչատրյան. Հավերժ վերադարձ» գրքի մեծ շնորհանդեսը: Այս գրքի շնորհանդեսը վերջերս մեծ հանդիսավորությամբ կայացել էր նաև Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: