ՆորություններՀԱՎԵՍԻՆ ԵՐԵԿՈ՝ «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ» ՍԱՆԵՐԻ ՀԵՏ
Հունիսմեկյան օրը մեզ համար գուցե այդքան գունեղ չէր լինի, եթե «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենից, ներառական կրթություն իրականացնող Արարատի մարզի Զորակ համայնքի և Արմավիրի թիվ 10 դպրոցից, լեգենդար ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ լուսավոր ու պայծառ սաները չայցելեին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տուն՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոն, և չշփվեին հայ կինոյի, հայկական մուլտաշխարհի հետ, չդիտեին հայկական հրաշալի մուլտֆիլմերի դասական դարձած նմուշները:
ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ դրված փիլիսոփայությունը, գաղափարը, երազանքը, ջանքն ու տեսլականները Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ծնում են մի սերունդ, որն անվերապահ կապված է իր աշխարհի, իր ազգային արժեքային համակարգի, մշակույթի ու արվեստի իր արմատների հետ:
Եվ հենց ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ սաների հրաշալի ներկայությունն էր, որ մեր թիմին հուշեց ներկայացնել հայկական մուլտֆիլմերի մի ընտրանի, որը խոսում է հայոց անկրկնելի լեզվով, շնչում է հայկականությամբ ու հայ ոգով, լեցուն է հայկական գույներով ու նվագով:
Լսել Սոս Սարգսյանի խոսքը, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը, ընկղմվել թումանյանական աշխարհում, հետևել Ռոբերտ Սահակյանցի պատկերներին ու արվեստի, մասնագիտության, կյանքի, ուսման, դժվարությունների ու հաղթահարվելիք ճանապարհների մասին խոսել սիրված դերասանի՝ Հրանտ Թոխատյանի հետ, որն, ի դեպ, երեխաներից շուտ էր շտապել հանդիպմանը, թեպետ մայրաքաղաքի բազմաթիվ անկյուններում էին սպասում Հրանտ Թոխատյանին, բնականաբար, օրը դարձնելու էր առավել գունեղ իմաստալից:
Հուսանք, որ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ պայծառ երեխաները, որ նաև առիթ ունեցան մեծ էկրանային կինոդիտումից հետո արվեստագետների հետ զրուցել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ, իրենց հետ կտանեն վառ հիշողություններ, մեզ թողնելով միայն հաճելի հուշեր և պարտավորվածություն, որ շփումները դառնան հաճախակի ու ծրագրային:
Արդեն խոստացել ենք ու կատարելու ենք:
03.06.2019