pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ԱՊՐԻԼ»-Ը Ու ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ ԿԻՆՈՅԻՑ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ...
Հերթական ջերմ երեկոն էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում՝ եզակի հյուրերով, հետաքրքիր զրույցներով կինոյի, գրականության, հայրենիքի մասին ու անկրկնելի հուշերով:
 
Առիթը Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմն էր՝ ռեժիսորի դեբյուտային ֆիլմը, ուր նկարահանվել էին նաև Լևոն Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Անահիտ Ղուկասյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը ու մի ամբողջ աստղաբույլ:
 
Պաթոսից, կեղծիքից, այլևայլություններից զերծ այս ֆիլմը նկարահանվել է մեր գրականության երևելիներից՝ Ռուբեն Հովսեփյանի հրաշալի ստեղծագործության հիման վրա ու եզակի մի ֆիլմ է հայոց Մեծ Եղեռնի մասին թերևս, բայց վերապրողների հայացքով, նրանց մտահոգություններով, նրանց շարունակվող կռվով:
 
Երեկոյին ներկա էին ֆիլմի օպերատոր՝ Վրեժ Պետրոսյանը, նկարիչ՝ Վարդան Սեդրակյանը, սցենարի հեղինակի՝ Ռուբեն Հովսեփյանի դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որոնք խոսեցին ֆիլմի ստեղծման պատմությունից, աշխատանքային տարիներից, նկարահանման հրապարակից, իհարկե՝ ֆիլմի թեմայից ու բարձրացրած խնդիրներից, որոնք շատ նրբորեն են հյուսված թե Ռուբեն Հովսեփյանի գրական երկում, թե Վիգեն Չալդրանյանի կինոլեզվում ու շատ վարպետորեն արտահայտված են Լևոն Ներսիսյան զորեղ երևույթի, Կարեն Ջանիբեկյան արտիստի, Անահիտ Ղուկասյան կոլորիտային դերասանուհու ու մյուսների վարպետ խաղում:
 
Երեկոյին ներկա էին նաև գրող, հրապարակախոս Թեմիկ Խալափյանը՝ մեր գրականության մյուս երևելի դեմքի՝ Զորայր Խալափյանի եղբայրը, լրագրող Հերիքնազ Հարությունյանը, որոնք նույնպես խոսեցին ֆիլմի, նրա գրական հենքի, Եղեռնը վերապրած իրենց նախնիների մասին ու եզակի հետաքրքիր դրվագներ պատմեցին, որ հատկապես հետաքրքիր էին երեկոյին ներկա երիտասարդների համար:
 
«Բուխարու սրահ»-ն այդպիսի ձգողականություն ունի:
04.05.2019