ՆորություններՄԻՇՏ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ...
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության՝ «Կինոերեկո սիրված դերասանի հետ» կինոնախագիծն այս անգամ հյուրընկալել էր ՄԱՅՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ. միշտ սիրված Մայրանուշ Գրիգորյանին:
Ոչ մի կասկած չկար, որ Մայրանուշ Գրիգորյանի մարդկային տեսակը, արտիստական կերտվածքն ու նրա կերտած դերերը հայկական կինոյում, Կինոյի տան «Բուխարու սրահ» էին բերելու նրա հանդիսատեսին՝ հրաշալի մի երեկո անցկացնելու սիրված արտիստի հետ, խոսելու նրա դերերից, անցած ուղուց, արտիստական ճանապարհից:
Մայրանուշ Գրիգորյանի սիրված լինելու հանգամանքը անտարբեր չէր թողել նաև բազմաթիվ երիտասարդների, որոնք գարնանային երեկոն նախընտրել էին անցկացնել դերասանուհու հետ հանդիպմամբ, խոսել նրա հետ, լսել ու ճանաչել անձամբ:
Նորից ազատ ու անկաշկանդ մի երեկո, որի ընթացքում Մայրանուշ Գրիգորյանն իրեն հատուկ անկեղծությամբ, բացախոսությամբ, հումորով խոսեց իր անցած արտիստական ուղու մասին, նկարահանման հրապարակների միջավայրի ու մթնոլորտի մասին, իր ընկերների ու խաղընկերների մասին, որոնց կենսագրությունը հայ կինոյի կենսագրության մի մասն է:
Բազմաթիվ էին նաև հարցերը դահլիճից, որոնց Մայրանուշ Գրիգորյանը պատասխանեց նույն անկեղծությամբ:
Անկասկած, երեկոն կայացած էր ու հաճելի պահերով լեցուն: Վստահ ենք՝ նաև Մայրանուշ Գրիգորյանի համար:
Այս երեկոներն իրենց կրթական, մշակութային, ճանաչողական, հաղորդակցական բաղադրիչներից բացի, նաև մեծարանքի տարրեր են պարունակում, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քաղաքականության բաղադրիչներից է՝ գնահատել մարդկանց, նրանց անցած ուղին ու վաստակը:
16.04.2019