pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԿՈՒ ԺԱՄ ՍԻՐՎԱԾ ԱՆՀԱՏԻ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հերթական կինոերեկոն բոլորովին նման չէր հերթականին, քանի որ հյուրը սիրված երգչուհին էր, սիրված անհատը՝ աշխարհահռչակ սոպրանո ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:
 
Ավելի քան երեսուն տարի առաջ տակավին երիտասարդ երգչուհի Հասմիկ Պապյանը նկարահանվել էր Տիգրան Լևոնյանի «Ալմաստ» ֆիլմ-օպերայում՝ Ալմաստի դերում, որը հայկական նմանօրինակ կինոժառանգության բացառիկ նմուշներից է և պրոֆեսիոնալ թվայնացումից հետո կրկին կարող է հաղթարշավ ապահովել հայկական կինոյին՝ ժամանակակից աշխարհին պատմելով այդ յուրօրինակ կինոժանրի՝ հայկական ֆիլմ-օպերա երևույթի մասին:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿԻՆՈԵՐԵԿՈ նախագիծը որոշել էր Հասմիկ Պապյանի ներկայությամբ մեկ անգամ ևս դիտել «Ալմաստ» հրաշալի օպերայի էկրանավորումը և օգտվելով երգչուհու Հայաստանում գտնվելու պատեհությունից՝ նաև նրա հետ զրույցի հրավիրել հանդիսատեսին:
 
Լեփ-լեցուն դահլիճում «Ալմաստ»-ից հատվածներ դիտելուց հետո հանրահայտ «Բուխարու սրահ»-ում շուրջ երկու ժամ հանդիսատեսը անկեղծ զրույց ունեցավ Հասմիկ Պապյանի հետ՝ խոսելով թե՛ «Ալմաստ»-ի նկարահանումներից, թե՛ Հասմիկ Պապյանի արվեստից, թե՛ օպերայի ու օպերային թատրոնի խնդիրներից, թե՛ հանրությանը հուզող բազմաթիվ հարցերից:
 
Հասմիկ Պապյանի քաղաքացիական դիրքորոշումները միշտ հետաքրքիր են հանրությանը և Հասմիկ Պապյանը պահանջված է ոչ միայն որպես երգչուհի, որն իր արվեստով նվաճել է աշխարհը, այլև որպես անհատ, որն ունի քաղաքացիական հստակ դիրքորոշումներ, մոտեցումներ, տեսակետներ:
 
Երեկոյին ներկա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, որը ժամանակին եղել է «Ալմաստ» ֆիլմ-օպերայի երկրորդ ռեժիսորը և Տիգրան Լևոնյանի՝ կինոյի մասով խորհրդատուն, նույնպես հետաքրքիր մանրամասներ պատմեց «Ալմաստ»-ի նկարահանման օրերից, Հասմիկ Պապյանի դերակատարությունից, խոսելով նաև նման արժեքավոր ժանրի՝ ֆիլմ-օպերայի հայկական ժառանգության թվայնացման, պահպանման և տարածման անհրաժեշտությունից:
 
Հանդիպումից հետո հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում Հասմիկ Պապյանին հեռանալ և «Բուխարու սրահ»-ի ջերմ մթնոլորտում շարունակում էր իր հանդիպումը սիրված անհատի հետ:
15.04.2019