Նորություններ«ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԵՍԸ» 40 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագծերից մեկը՝ «Վերադարձ կինոյի տուն»-ը, 40 տարի անց կինոյի տանը հյուրընկալեց հայկական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը՝ Ալբերտ Մկրտչյանի «Կյանքի լավագույն կեսը» ֆիլմը, որը ժամանակին, խորհրդային ռեժիմի պայմաններում բարձրացրեց հարցեր, որոնք հետագայում հարցեր պետք է լինեին նաև անկախացած երկրների, այդ թվում և անկախ Հայաստանի համար:
«Կյանքի լավագույն կեսը» սիրված ֆիլմ էր և այդպես մնաց ստեղծման օրվանից 40 տարի անց նույնպես, որովհետև արված էր Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի ստեղծագործական ձեռագրով, փայլուն դերասանական կազմով՝ ի դեմս Շահում Ղազարյանի և Գուժ Մանուկյանի:
Ֆիլմի հոբելյանը առիթ էր, որպեսզի ևս մեկ անգամ, հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությամբ, խոսենք թե՛ ֆիլմի, թե՛ Ալբերտ Մկրտչյանի, թե Շահում Ղազարյան-Գուժ Մանուկյան դերասանական տանդեմի և թե՛ կինոյի ու ժամանակների մասին, ինչի շուրջ էլ ֆիլմը ներկայացնելիս խոսեց կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը::
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը շատ հետաքրքիր հանդիպում-զրույց ունեցավ ներկաների հետ՝ խոսելով թե՛ ֆիլմից, թե՛ իր ունեցած հիշողություններից:
Հետաքրքրական էին նաև դերասան Աշոտ Եդիգարյանի պատմությունները, որը նույնպես նկարահանվել էր ֆիլմում և բավական հետաքրքիր մի դրվագում:
Ընդհանրապես կինոերեկոն շատ անկեղծ, ջերմ ու անմիջական միջավայրում էր և խոսակցությունը,որ կայացավ, անպայմանորեն կթողնի իր հետքը:
05.04.2019