ՆորություններԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՏԻՍՏԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄԵԾ «ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ»
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում մի քանի ժամ շարունակ թևածում էր Խորեն Աբրահամյան արտիստի մեծ ու հզոր շունչը: Նրա լուսավոր «ներկայությունը» ոգևորում էր բոլորին ու նրա ծննդյան առթիվ հիշվող պատմություններում միայն նրա բացառիկ կերպարն էր, որը լիաթոք ժպտալու շատ առիթներ պարգևեց ներկաներին: Բոլոր պատմություններում Խորեն Աբրահամյանն իր յուրահատուկ հումորով էր ու սուր մտքով:
Մինչ գինու գավաթներով արտիստին շնորհավորելը, կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում դիտեցինք յուրահատուկ մի ֆիլմ, որը կորսված հայկական ֆիլմերի ժառանգությունից էր՝ Դավիթ Դովլաթյանի «Նոյը» ֆիլմը: Այն Խորեն Աբրահամյանի վերջին ֆիլմն էր և ռեժիսորի դեբյուտային աշխատանքը:
Ոչ մեկի համար զարմանալի չէր, որ Խորեն Աբրահամյան արտիստն իր մեծության բարձունքից համաձայնություն էր տվել նկարահանվել դեբյուտային ֆիլմում ու ստեղծել աբրահամյանական հերթական տարբերվող կերպարը: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը:
Ջերմ ու անմիջական զրույցին, որ կայացավ «Բուխարու սրահ»-ում և որին ներկա էին Խորեն Աբրահամյանի ընտանիքի անդամները` դուստրը, դերասանուհի Թամարա Աբրահամյանը, փեսան՝ դերասան Արմեն Լևոնյանը, զարմուհին՝ Նինա Օրդոյանը, շատ խոսվեց Խորեն Աբրահամյան մարդու մասին:
Բոլոր ներկաները՝ կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը «Նոյը» ֆիլմում նկարահանվել էր Խորեն Աբրահամյանի հետ, կինոքննադատ, սցենարիստ Արմեն Վաթյանը և այլոք, մի շարք դրվագներ ներկայացրեցին Խորեն Աբրահամյանի հետ անցկացրած իրենց կյանքից, որոնք այնքան անմիջական մթնոլորտ ստեղծեցին, որ թվաց, թե Խորեն Աբրահամյանը ներկա է իր առինքնող կերպարով:
Կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, որի առաջին աշխատանքներից էր «Նոյը» ֆիլմը, պատմեց նկարահանման հրապարակում իրենց՝ երիտասարդ կինոգործիչների և Խորեն Աբրահամյան մեծ արտիստի աշխատանքի մասին:
Երեկոյին ներկա էր նաև Ֆրունզե Դովլաթյանի այրին՝ երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի հնչյունային օպերատոր Իռեն Օրդուխանյանը, իսկ Դովլաթյանը, ինչպես ասաց Թամար Աբրահամյանը, իրենց համար հորեղբայր էր, որովհետև այնքան հարազատական ու ընտանեկան էին Աբրահամյան-Դովլաթյան հարաբերությունները:
Եվս մեկ առիթ՝ ճանաչելու Խորեն Աբրահամյանին: Հատկապես երիտասարդների համար, որոնք շատ-շատ էին դահլիճում և որոնք վստահորեն գնացին մի քիչ ավելի շատ սիրելով Խորեն Աբրահամյանին:
05.04.2019