ՆորություններՔԱՐՎԱՃԱՌԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության՝ «Կինո դպրոցականների համար» նախագիծն, այս անգամ բացառիկ հյուրեր ուներ: Երևան և Կինոյի տուն էին այցելել Քարվաճառի դպրոցականները: Եվ ոչ միայն հյուրերն էին բացառիկ, այլ նաև՝ օրը:
Քարվաճառից ժամանած դպրոցականների հյուրն էր սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և նրանք Հրանտ Թոխատյանի հետ խոսելու էին կինոյից, թատրոնից, դերասանի մասնագիտությունից, բեմից, որովհետև Քարվաճառի դպրոցականների մեջ շատ էին երեխաները, որոնք ուզում էին դերասան դառնալ, նվիրվել բեմին և այսօր իսկ իրենց թատերական խմբակում բեմադրում ու խաղում են Թումանյան, «Մոխրոտիկ» ու այդպես շարունակ:
Մինչ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումը դպրոցականները դիտեցին հայկական լավագույն մուլտֆիլմերից՝ «Աբու Հասանի մաշիկները», «Գտնված երազ»-ը և «Պույ-պույ մկնիկը», որից հետո կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում դպրոցականները երկար ու ջերմ զրույց ունեցան Հրանտ Թոխատյանի հետ՝ խոսելով նաև իրենց երազանքներից, դերերից, ցանկություններից:
Հետո նրանք շրջեցին կինոյի տանը՝ ծանոթանալով սրահներում առկա ցուցադրությանը, խոսելով «Հայֆիլմի» հիմնադիրներից մինչև սիրված հայկական ֆիլմերի, ռեժիսորների, դերասանների մասին:
«Բուխարու սրահ»-ը նույնպես մեծ բացահայտում էր Քարվաճառի դպրոցականների համար, քանի որ այդտեղ նրանք տեսան այն ստորագրությունները, որոնք «Բուխարու սրահ»-ի հանրահայտ պատին թողել են Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը, Արմեն Ջիգարխանյանը և այլոք:
Անմոռանալի օր էր, կարծում ենք ոչ միայն դպրոցականների համար, այլև կինոյի տան ու Հրանտ Թոխատյանի ու բոլոր ներկաների համար, որովհետև այնքան լուսավոր էին երեխաներն ու այնքան տրամադրող, երազանքներով լի ու ազնիվ:
03.04.2019