ՆորություններՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ՍԻՐԵԼԻ «ԹԹԵՆԻՆ»
Քառասուն տարի առաջ կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը նկարահանեց «Թթենի» ֆիլմը, որը քառասուն տարի մնաց որպես սիրելի ֆիլմ և ամեն անգամ «Թթենին» դիտելիս թվում է, թե այն դիտում ես առաջին անգամ, և ամեն անգամ նույն հուզմունքն է, նույն ժպիտը, նույն զգացողությունը, որ ունեցել ես առաջին անգամ դիտելիս:
Զորայր Խալափյանի հրաշալի պատմվածքի հիման վրա գրված կինոսցենարը՝ տաղանդավոր կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի կինոմտածողության արդյունքում վերածվել է հրաշալի մի ֆիլմի, որն արդեն մի քանի սերունդ համարում է իր ֆիլմը:
Եվ ահա քառասուն տարի անց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության՝ «Վերադարձ կինոյի տուն» նախագծի շրջանակում, կինոյի տան փոքր կինոսրահում հավաքված հանդիսատեսը կինոպրեմիերայի զգացողությամբ դիտեց «Թթենին», որը ներկայացրեց կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, որից հետո «Բուխարու սրահում» տեղի ունեցավ բացառիկ մի հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի այն անդամների հետ, որոնք այսօր էլ մեզ հետ են, ապրում և ստեղծագործում են մեր քաղաքում:
Ցավոք, կյանքից հեռացել են ֆիլմի ռեժիսոր Գենադի Մելքոնյանը, գլխավոր դերակատարներից՝ Ռազմիկ Արոյանը, Լեոնիդ Սարկիսովը, Էլեոնորա Պետրոսյանը, «Թթենին» պատմվածքի հեղինակ Զորայր Խալափյանը, բայց այսօր մեզ հետ են գլխավոր դերակատարներից՝ Թամար Հովհաննիսյանը, ֆիլմի խմբագիր Միքայել Ստամբոլցյանը, Զորայր Խալափյանի ընտանիքի անդամները, կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, որոնք էլ «Բուխարու սրահում» կայացած շատ հետաքրքիր ու հուզումնալից հանդիպմանը խոսեցին քառասուն տարի մեզ սիրելի մնացած ֆիլմից, նկարահանման հրապարակի գաղտնիքներից, բացահայտեցին պատմություններ ու պատմություններ, որոնք շատ յուրահատկորեն բնութագրում էին «Թթենու» հերոսներին, նրանց կերտած արտիստներին, ֆիլմը ստեղծած մարդկանց ու այդ մարդկանց ժամանակը:
Ներկաները մեծ հետաքրքությամբ լսեցին թե՛ Թամար Հովհաննիսյանին, թե՛ Միքայել Ստամբոլցյանին, թե՛ Զորայր Խալափյանի եղբորը՝ Թեմիկ Խալափյանին, թե՛ գրողի քրոջը՝ Միլետա Խալափյանին, որոնց պատմությունները կարող էին նոր ֆիլմերի սցենարներ դառնալ նոր սերնդի ռեժիսորների համար:
28.03.2019