pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՔԱՄԻՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ». 30 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ...
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Վերադարձ կինոյի տուն» նախագիծն այս անգամ հյուրընկալել էր Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմն ու ֆիլմի ստեղծագործական կազմին՝ երեսուն տարի անց կրկին հանդիպելու հանդիսատեսի հետ, կրկին դիտելու ֆիլմը, խոսելու ֆիլմի, նրա հերոսների, նրանց ժամանակի, նրանց ապրած կյանքի ու տարիների մասին:
 
Այնքան մեծ էր հանդիսատեսի հետաքրքրությունը, որ ֆիլմը միաժամանակ ցուցադրվեց թե կինոյի տան փոքր կինոսրահում, թե «Բուխարու սրահում», որտեղ էլ ֆիլմի ցուցադրությունից հետո կայացավ անկեղծ ու անկաշկանդ զրույց հանդիսատեսի հետ:
 
Թեպետ ֆիլմի դիտումից առաջ կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանն ու կինոգետ Սուսաննա Հարությունյանը խոսեցին ֆիլմի մասին, Հարություն Խաչատրյանն ու ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները՝ օպերատոր Վրեժ Պետրոսյանը, ֆիլմի տնօրեն Մանվել Ալեքսանյանը նույնպես անդրադարձան ֆիլմի ստեղծմանը:
 
Կինոսրահում էին նաև սցենարի հեղինակ Միքայել Ստամբոլցյանը, հնչյունային օպերատոր Անահիտ Կեսայանը, մոնտաժի ռեժիսոր Գոհար Համալբաշյանը և այլոք, որոնք թեպետ խոսք չասացին, բայց հանդիսատեսի հետ վերապրեցին այն ժամանակն ու օրերը, երբ ստեղծվում էր ֆիլմը, որը բազում փառատոներում ներկայացրեց Հայաստանն ու հայկական կինոն, բազում մեծարժեք գնահատականների արժանացավ համաշխարհային կինոյի գիտակների, փորձագիտական ու լրագրողական համայնքների կողմից:
 
Ֆիլմի դիտումից հետո ևս Հարություն Խաչատրյանը խոսեց ֆիլմի մասին, քանի որ նույնիսկ երեսուն տարի անց ֆիլմը շատ այժմեական էր, ներկա ժամանակի խնդիրների ու մարտահրավերների հարցադրումներով, և ռեժիսորը երեսուն տարի անց կրկին «ստիպված էր» պատասխանել հանդիսատեսի հարցերին:
 
Եվս մեկ երեկո կինոյի տանը, որ վերածվեց կինոյի տոնի: Տոն, որի ավարտին չի սպասում հանդիսատեսը և չի ուզում թողնել կինոսրահն ու վերադառնալ տուն:
27.03.2019