pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀՐԱՇԱԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՕՐ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ
Կարծում ենք, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տանը երեկ կայացած հանդիպումը երկար կմնա «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ու անձնակազմի հիշողության մեջ, որոնք մաթևոսյանական անմոռանալի օր անցկացրեցին տիկին Անահիտ Բախշյանի առաջարկով:
 
Իր կինոնախագծերի շրջանակներում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը վերջին մեկ ու կես տարում բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել թե կրտսեր, թե միջին ու ավագ դպրոցների աշակերտությանը՝ կինոմշակույթի, հայկական կինոժառանգության հետ ծանոթանալու, քննարկումների ու բանավեճերի միջոցով ստանալ այլընտրանքային կրթություն:
 
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 50-ամյա հոբելյանն առիթ էր, որ դպրոցականները ևս մեկ անգամ առնչվեն մալյանական ու մաթևոսյանական աշխարհների հետ, կինոմիջավայրում, մեծ էկրանին, կինոդահլիճում դիտեն ֆիլմ, որն այլ զգացողություններ է առաջացնում, հանդիպեն ֆիլմերի ստեղծողների հետ ու անմիջականորեն խոսեն կինոյից, գրականությունից, արվեստից:
 
«Հերացի»-ականները երեկ առիթ ունեցան դիտելու «Մենք ենք...» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծման մասին և այդ ֆիլմի միջոցով «շփվել» Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, մեր կինոյի մյուս մեծերի հետ:
 
Ուղղակի տեսնել էր պետք, թե շատ խելացի ու լուսավոր մեր դպրոցականները ի՜նչ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, այնուհետև «Բուխարու սրահում» ի՜նչ հետաքրքիր զրույց ունեցան «Մենք ենք...» ֆիլմի ստեղծողներից՝ Դավիթ Մաթևոսյանի հետ, ի՜նչ հետաքրքրական պատմությունների տեղեկացան ու ի՜նչ սիրով արձագանքեցին երկխոսությանը:
 
Իսկ շրջայցը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում և ծանոթացումը հայ կինոյի անցած ճանապարհի հետ՝ լրացրեց այն զգացողությունները, որ նրանք ունեցան օրվա ընթացքում:
 
Այսպիսի հանդիպումներից հետո դժվար է բաժանվել, բայց ակնհայտ է, որ նրանք վերադառնալու են...
15.03.2019