ՆորություններՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԵՐԵԿՈ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ՝ ՌՈՏԵՐԴԱՄԻՑ ՀԵՏՈ
Երբ Ռոտերդամի կինոփառատոնում կայացավ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» և «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով» ֆիլմերի համաշխարհային պրեմիերան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, որի մեծ ջանքերով իրականացվեց ֆիլմերի թվայնացումը միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան և հասավ Ռոտերդամի միջազգային կինոփառատոն՝ համաշխարահյանցնելով հայկական կինոժառանգությունը, պայմանավորվեցինք ֆիլմերը ցուցադրել նաև կինոյի տանը:
Եվ ահա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Փարաջանովի տուն-թանգարանի ջանքերով կայացավ նաև Կինոյի տան փարաջանովյան երեկոն:
Հատկապես «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, որի բարձրորակ թվայնացված տարբերակը ներկայացվեց հանդիսատեսին, մեծ հետաքրքություն առաջացրեց, քանի որ փարաջանովյան մտածողությանը, գույներին միաձուլված էին նաև Հովնաթանյանի արվեստի գույները:
Անչափ հետաքրքիր էր նաև փարաջանովյան մոտեցումը «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով» ֆիլմում՝ ներկայացնելու համար մեկ այլ նկարչի, ժամանակաշրջանը, միջավայրը:
Մինչ ֆիլմերի դիտումը Փարաջանովի տուն- թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հանգամանորեն խոսեց ֆիլմերի մասին, ինչպես միշտ՝ ներկայացրեց հետաքրքրական մանրամասներ, իսկ Ֆիլմերի դիտումից հետո երկար զրույց ծավալվեց «Բուխարու սրահում», որին մասնակցեցին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը:
Շուշանիկ Միրզախանյանը բացառիկ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց փարաջանովյան ֆիլմերի թվայնացման ոդիսականից, Ռոտերդամում դրանք ներկայացնելու և հայկական կիոժառանգությունը համաշխարհային հարթակներից հանրությանը ներկայացնելու մեծ ջանքերից, որոնք երբեմն անհավատալի են թվում:
Մեծածավալ այդ աշխատանքների մասին խոսեցին նաև Զավեն Սարգսյանն ու Մելիք Կարապետյանը:
Շուշանիկ Միրզախանյանը հատկապես ընդգծեց, որ այդ մեծ իրադարձությանը հետևելու են մի շարք նոր ու աննախադեպ առաջարկներ հայկական կինոյի համար, որոնք ազգային կինոկենտրոնի և բազմաթիվ նվիրյալ մարդկանց երկարատև աշխատանքի ու ներդրված ջանքերի արդյունք են և որոնց մասին հանրությունն առաջիկայում կտեղեկանա:
Մելիք Կարապետյանն էլ բոլոր մանրամասներով ներկայացրեց այն պատմությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել փարաջանովյան ժապավեններն այսօր ոչ միայն ներկայացնել միջազգային հարթակներից, այլև փրկել ու ունենալ որպես հայկական կինոժառանգության կարևոր մաս:
Հատկանշական է, որ մեծ թվով երիտասարդներ էին ներկա հանդիպմանը:
10.03.2019