ՆորություններՀՐԱՇՔ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՆՈՐ ԽՈՒՄԲԸ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահի» ամենացանկալի հյուրերը մեր փոքրիկներն են, դպրոցականները, որ Կինոյի տան փոքր կինոսրահում պարբերաբար դիտում են հայկական մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր ու հանդիպում դրանց ստեղծողների հետ:
Այս անգամ էլ բացառություն չէր: Թումանյանական օրերի ծրագրում մեր փոքրիկները դիտեցին թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմեր, այնուհետև հանդիպում ունեցան մուլտիպլիկատոր, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հետ:
Այս հանդիպումները նույնպես անկրկնելի են ու աննկարագրելի: Եթե հնարավոր է պատմել, թե ինչպես են ռեժիսորները ներկայացնում մուլտֆիլմերը, նրանց ստեղծման աշխատանքները, ինչպես են կերտում իրենց հերոսներին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ ներկայացնել մեր փոքրիկների հարցերը՝ խելացի, գիտուն, երևակայության սահմաններից դուրս, անպատկերացնելի:
Անկեղծության համար ասենք, որ միշտ չէ, որ նրանց հետ հանդիպող ստեղծագործողները կարողանում են ամբողջովին բավարարել դպրոցականների հարցասիրությունը և սա խոսում է մեր նոր ու հրաշալի սերնդի մասին:
Գայանե Մարտիրոսյանը լինելով շատ հետաքրքիր զրուցակից, անշուշտ, շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց վարեց հերթական կինոդիտմանը ներկա դպրոցակաների հետ, որը կարծում ենք ուսանելի էր ոչ միայն նրանց համար, այլև նրանց ուղեկցող ծնողների ու ուսուցիչների:
Կինոյի տանը շատ ենք սիրում մեր ազատ, անկաշկանդ, մտածող երեխաներին ու փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք առավել ընդլայնեն իրենց մտահորիզոնը:
Դե, իսկ սելֆիներն ու լուսանկարները մեր կինոյի մեծերի, «Բուխարու սրահի» լեգենդար պատի ստորագրությունների հետ՝ այս հանդիպումների մշտական ուղեկիցներն են:
09.03.2019