ՆորություններՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Կինո#Զրույցներ նախագծի հերթական հյուրը ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն էր, որն էլ ժամանակակից կինոյի և հայկական կինոյի հեռանկարների մասին հերթական զրույցը նախընտրեց սկսել երկխոսությամբ՝ պարզ, բաց, անկեղծ երկխոսությամբ ներկաների հետ:
Եվս մեկ անգամ ընդգծվեց հայկական կինոյի զարգացման, մեր կինոընկալման, հասարակության մտածողության և ռեժիսորների մոտեցումների, ընդհանրապես մեր հավաքական մտածողության խնդիրների մասին բաց և անկեղծ զրույցի կարիքը, անհրաժեշտությունը, իրական երկխոսությունը տարբեր սերունդների միջև, որովհետև տարբեր են մտածողությունները, զգացողությունները և այլն:
Նաիրա Մուրադյանն առանց կաղապարային մոտեցումների խոսեց նաև կոնկրետ ֆիլմերի մասին, նաև մեր հասարակության համար կուլտային ֆիլմերի մասին՝ անկեղծության մեծ չափաբաժնով ներկայացնելով իր տեսակետները, մոտեցումներն ու ընկալումները:
Մուլտիպլիկացիան, ընդհանրապես միշտ համարվել է որպես ավելի ազատ մտածողության մարդկանց արվեստ և Նաիրա Մուրադյանն իր գնահատականներով, իր մոտեցումներով ու արվեստի, մասնավորապես կինոարվեստի իր ընկալումներով ևս մեկ անգամ ապացուցեց ընդունված դրույթի հիմնավորվածությունը:
Շատ հետաքրքիր զրույց ծավալվեց ներկա երիտասարդների, երիտասարդ ստեղծագործողների, ռեժիսորների միջև, որը նաև Նաիրա Մուրադյանին հնարավորություն տվեց լսել հանդիպակաց տեսակետներ, երիտասարդների հետ միասին խորհել կինոյի ու նրա խնդիրների շուրջ:
Բացառիկ հետաքրքիր «ընդդիմախոսի» դերում հայտնվեց երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը, որի արձագանքները զրույցին թույլ տվեցին ներկաներին ամբողջովին ներգրավվել քննարկումներում, խոսել նաև կինոկրթության, ժամանակակից կինոկրթության, կինոլեզվի մասին:
Կինո#Զրույցները դեռ առջևում են:
22.02.2019