ՆորություններԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ ԼԵՑՈՒՆ ԷՐ ԼՈՒՍԱՎՈՐ ՓՈՔՐԻԿՆԵՐՈՎ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, թումանյանական տոնի էր վերածել այն փոքրիկների համար, որոնք այցելել էին Կինոյի տուն՝ դիտելու Ռոբերտ Սահակյանցի թումանյանական մուլտֆիլմերը և հանդիպելու ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ:
Տասնյակ լուսավոր հայացքներով փոքրիկներ Երևանի թիվ 192 հիմնական դպրոցից նախ դիտեցին «Բարեկենդան»,«Խոսող ձուկը» և «Կիկոսի մահը» մուլտֆիլմերը, այնուհետև ավելի քան մեկ ժամ Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում
«հարցաքննեցին» Դավիթ Սահակյանցին:
«հարցաքննեցին» Դավիթ Սահակյանցին:
Խելացի հարցերի ու հարցադրումների մի ամբողջ շարան, հետաքրքրությունների մի ամբողջ բացահայտում, նույնիսկ՝ քննարկում ու դիտարկումներ, որոնք կարող են զարմացնել անգամ մասնագետներին:
Նոր սերունդ, որ սիրում ու կարդում է Թումանյան, նաև նկարում է, զբաղվում անիմացիայով, համակարգչային ծրագրերով: Կինոյի տուն այցելած փոքրիկներից շատերն անգամ իրենց ալիքներն ունեն youtybe-ում և այնտեղ տեղադրում են իրենց աշխատանքները:
Դավիթ Սահակյանցն ամենայն պատասխանատվությամբ էր պատրաստվել հանդիպմանը և շատ հանգամանորեն խոսեց Ռոբերտ Սահակյանցի ստեղծած թումանյանական աշխարհի, ընդհանրապես մուլտիպլիկացիա երևույթի, նրանում ընդգրկվող կերպարների, դրանց էկրանավորման, ձայնի, շարժումի մասին, որոնք նաև փոքրիկների հարցերի պատասխաններն էին:
Փոքրիկ դպրոցականները, որ Կինեմատոգրաֆիստների միություն մտնելիս ուշադրությամբ դիտում էին հայ կինոյի վարպետների լուսանկարները և իրենց ծանոթ դեմքեր որոնում, հետաքրքրությամբ ծանոթացան նաև «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատի ստորագրություններին, իսկ հրաժեշտին լուսանկարվեցին դասարանով, ծնողներով, ուսուցիչներով:
Թումանյանական տոնը ստացված էր ու զգացողություններով լի:
21.02.2019