pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԴԻՊԼՈՄԱՏՆԵՐԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ
Նվիրված հայ կինոյի մեծանուն դերասաններից մեկի՝ Համբարձում Խաչանյանի ծննդյան օրվան, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր սրահում ցուցադրվեց ռեժիսորներ Ամասի Մարտիրոսյանի և Լևոն Քալանթարի հրաշալի կատակերգական, սուր ֆիլմը՝ խորհրդային կինոյի առաջին քաղաքական կատակերգությունը, ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԴԻՊԼՈՄԱՏՆԵՐ-ը:
 
Հատկանշական է, որ խորհրդային կինոյում առաջին քաղաքական կատակերգությունը նկարահանվել է ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիայում, ավելի քան 80 տարի առաջ, երբ հայկական համր կինոն նոր բարձունքներ էր նվաճում: Ի դեպ, այսօր էլ հայկական համր կինոն մեծ համարում ունի, և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ու ժամանակակից աշխարհի կինոընկալմամբ մատուցելու պարագայում կարող է նոր ճանաչում ու նոր ընկալում բերել հայկական կինոյին:
 
Համբարձում Խաչանյան - Արամ Ամիրբեկյան դերասանական անզուգական զույգի մասնակցությամբ երկու վարսավիրների արկածները, որոնք վարչապետի կարգադրությամբ որոշ ժամանակ հանդես են գալիս արտասահմանյան դիվանագետների դերում, բազմաթիվ խորքային խնդիրներ է արծարծում:
 
Կինոդիտումից առաջ կինոգետ Սիրանույշ Գալստյանը հանգամանալից խոսեց հայկական համր կինոյի այդ բացառիկ նմուշի մասին:
 
Իսկ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ում ծավալված անկեղծ, անկաշկանդ զրույցը, որին ներկա էին նաև ֆիլմի ռեժիսորներից Ամասի Մարտիրոսյանի թոռնուհին՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանն իր դստեր՝ Ամասի Մարտիրոսյանի ծոռնուհու հետ, որին մասնակցեցին նաև կինոգետներ Սիրանույշ Գալստյանն ու Ռոբերտ Մաթոսյանը, բավական հետաքրքիր դրվագներ բացահայտեց հանդիսատեսի համար:
 
Հայկական կինոն բազում շերտեր ունի պահպանած իր խորքերում, որոնց բացահայտմանն էլ կոչված է ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ խորագիրը կրող կինոդիտում-հանդիպում-զրույց-քննարկում շարքը, որը սիրված շարք է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տուն այցելող հանդիսատեսի համար:
 
Իսկ երեկոյի ավարտը շատ հուզիչ էր ու շատ խորհրդանշական հայկական կինոյի շարունակականության առումով, երբ հյուրերը, Ամասի Մարտիրոսյանի թոռնուհին և նրա դուստրը լուսանկարվեցին կինեմատոգրաֆիստների միության սրահների լուսանկարչական ճեմուղիներում փակցված հայ կինոյի նշանավոր անուններից Ամասի Մարտիրոսյանի շատ ինքնատիպ լուսանկարի հետ:
15.02.2019