pt:page_news_item, lang:arm
ՆորություններԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԼԻՑՔԵՐՈՎ ԵՐԵԿՈ՝ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒ ՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ...
Փետրվարի 12-ին, Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահում» զգացմունքային մեծ լիցքերով երեկո էր, որին նախորդել էր «Մենք ենք» վավերագրական ֆիլմի դիտումը՝ նվիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ծնունդին:
 
Վարպետի ծննդյան օրն այն առիթն էր, որը հնարավորություն տվեց մի հարկի տակ, գինու գավաթով խոսել հայկական կինոյի կոթողային ֆիլմերից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին, որի ծննդյան 50-րդ տարին է այսօր, խոսել հայ կինոյում երկու մեծ անհատների՝ Հենրիկ Մալյանի և Հրանտ Մաթևոսյանի համագործակցության մասին, կինոյում նրանց ունեցած դերի մասին:
 
Ի դեպ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը տարվա ընթացքում դեռ բազմաթիվ առիթներ կստեղծի, որպեսզի խոսենք այդ անկրկնելի ֆիլմի մասին և անպայման դեռ անկնկալներ կլինեն հայ կինոյի երկրպագուների համար:
 
Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի ու նրա գործընկերների ջանքերով ստեղծված «Մենք ենք» վավերագրական ֆիլմը շատ հետաքրքիր մի ստեղծագործություն էր, որը կարողացել էր ներքաշվել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծման հետաքրքրական պատմության մեջ, բացահայտել բազմաթիվ գաղտնիքներ, գտնել մարդկանց, որոնք այդ օրերի ականատեսներն էին, վկաները, գտնել մարդկանց, որոնք Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներն էին, համագյուղացիները, ու ստեղծել մի ուրույն պատմություն մարդկանց ու ժամանակի մասին:
 
Երկար զրույցը, որ ծավալվեց ֆիլմի դիտումից հետո, Դավիթ Մաթևոսյանի, Նարինե Մալյանի մասնակցությամբ, դարձավ մի անկրկնելի երեկոյի առանցքը, որի ընթացքում նոր, բազում նոր գույներով ընդգծվեցին Հրանտ Մաթևոսյանն ու Հենրիկ Մալյանը, Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանն ու Ազատ Շերենցը, շատ սիրելի մարդիկ ու սիրելի անուններ, որոնք ֆիլմի աստղաբույլի մաս են կազմում:
 
Վստահ ենք, որ զգացմունքային մեծ լիցքերով երեկոն երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ, որոնք մաթևոսյանականներ, մալյանականներ ու ճշմարիտ արվեստականներ էին, ու երիտասարդներ, որոնք գիտեն արվեստի մասին ու ավելին իմանալու մեծ ձգտում ու ցանկություն ունեն:
13.02.2019