ՆորություններՇՎԵԴԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՐԵՑ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան երեկոն՝ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ խորագրի ներքո, ներկայացնում էր մի ֆիլմ, որը բազմաթիվ բացահայտումներ արեց, նույնիսկ էպոխային բացահայտումներ, և հնարավորություն տվեց խոսել մի ամբողջ ժամանակաշրջանի մասին, որը կոչվում է ստալինյան ժամանակաշրջան:
1997 թվականին շվեդահայ կինոռեժիսոր, վավերագրող ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆԸ նկարահանել էր բացառիկ վավերագրական մի ֆիլմ՝ Եվրոպա արտահանվող ԽՍՀՄ նավթի պատասխանատու, Ստալինի կողմից վստահված գործիչ Սուրեն Երզնկյանի մասին, որը, սակայն, հետագայում հետապնդվում է Ստալինի կողմից և դառնում ստալինյան բռնությունների զոհ:
Սյուզան Խարդալյանի Ֆիլմը պարունակում էր եզակի հետազոտական նյութ, նկարահանված շվեդական Ուպսալա քաղաքում, որտեղ մինչ բռնությունների զոհ դառնալը հաստատված էր Սուրեն Երզնկյանը, պարունակում էր զրույց Սուրեն Երզնկյանի շվեդուհի տիկնոջ հետ և այլն:
22 տարվա վաղեմության այս ֆիլմը հիմնականում անհայտ էր հայ հանդիսատեսին: Եվ ահա երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը հանդիսատեսը դիտեց ֆիլմը, որը կոչվում է ՆՐԱ ՀԱՅ ԱՐՔԱՅԱԶՆԸ:
Ֆիլմի դիտումից հետո բավական հետաքրքիր ու բացահայտումներով լի զրույց ծավալվեց: Կինոգետ Արծվի Բախչինյանը, որը նույնպես ժամանակին զբաղվել է Սուրեն Երզնկյան գործչի կյանքով ու գործունեությամբ, եղել է շվեդական Ուպսալա քաղաքում, բացառիկ մանրամասներ պատմեց թե Սուրեն Երզնկյանից, թե իր անձնական հանդիպումներից նրա տիկնոջ հետ, թե խոսեց ֆիլմի մասին:
Առանձնակի հետաքրքրությամբ հանդիսատեսը լսեց գրող, գրականագետ Ասատուր Փաշայանին, որը նույնպես ներկա էր ֆիլմի դիտմանն ու քննարկմանը և իր հետ բերել էր Սուրեն Երզնկյանի՝ կեղծանվամբ գրված գիրքը՝ ՍՏԱԼԻՆԻ ԿՅԱՆՔԸ վերնագրով, որը լույս է տեսել Ֆրանսիայում և Հայաստան է հասել Ասատուր Փաշայանի գերդաստանի Սիրիայից Հայաստան ներգաղթելու ընթացքում, նրա ծնողների հետ:
Ասատուր Փաշայանը շատ հետաքրքրական դրվագներ ներկայացրեց, խոսեց հատկապես Սուրեն Երզնկյանի գրական գործունեության մասին:
Հետաքրքիր էին նաև Երզնկյան գերդաստանի անդամներ Անետա և Ռուբեն Երզնկյանների պատմություններն ու հիշողությունները:
Ի դեպ, ֆիլմը յուրատեսակ բացահայտում էր նաև նրանց համար:
Հնարավոր չէ ներկայացնել այն հետաքրքիր խոսակցությունը, որ ծավալվեց թե ֆիլմի, թե Սուրեն Երզնկյան հակասական անհատի, թե ստալինյան հակասական ժամանակների մասին, բայց վստահաբար կարող ենք ասել, որ երեկոն բացառիկ էր ու յուրահատուկ և ֆիլմի թեմա էր ռեժիսորների ու սցենարիստների համար:
Հայկական կինոն բազում շերտեր ունի թաքնված, որը քայլ առ քայլ բացահայտվելու է հայ հանդիսատեսի համար:
07.02.2019