pt:page_news_item, lang:arm
ՆորություններՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոնախագծերին ավելացավ ևս մեկը՝ «ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» նախագիծը, որը, ինչպես ենթադրվում էր, մեծ հետաքրքություն պետք է առաջացներ:
 
Այս նախագծի նպատակն է ծանոթանալ ժամանակակից հայկական կինոյին, ժամանակակից հայկական կինոյի արտադրողներին, ռեժիսորներին, օպերատորներին և մյուս ստեղծագործողներին, ստեղծել մի հարթակ, որտեղ թե կինոարտադրության մասնակիցները, թե կինոքննադատներն ու կինոյի մասնագետները, թե հանդիսատեսը, որի համար ստեղծվում է կինոն, կկարողանան դիտել և ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել ֆիլմը:
 
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը շատ կարևոր է համարում, որ բոլոր կողմերը կարողանան անկեղծ քննարկում ծավալել, ասել ճշմարտությունները՝ նայելով միմյանց, խոսել բացերի, թերությունների, ստեղծագործական ձեռքբերումների մասին:
 
Առաջինը քննարկման նեկայացվեց ռեժիսոր ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԻ՝ 2018 թ. նկարահանված «ԳՈԳ ԵՎ ՄԱԳՈԳ» ֆիլմը, որի սցենարի հեղինակը Գարիկ Մաշկարյանն է, բեմադրող օպերատորը՝ Վահե Տերտերյանը, դերերում՝ ճանաչված դերասան Գեորգի Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը, Էդուարդ Շահնազարյանը:
 
Գնահատելի էր, որ քննարկմանը ներկա էին նաև կինոյի համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց ստեղծագործող գործընկերների հետ խոսեցին դեմ առ դեմ: Այս երևույթի կարևորության և բացակայության մասին էր խոսում նաև այն, որ քննարկմանը ներկա էին բազմաթիվ երիտասարդներ, որոնք չվարանեցին ներկայացնել իրենց տեսակետները:
 
Նաև, բնականաբար, ֆիլմի ստեղծողները կարողացան խոսել իրենց մոտեցումների մասին, բերել այս կամ այն դրվագի, երևույթի մասին իրենց փաստարկները:
 
Վստահ ենք, որ այս քննարկումներն առավել ընդգրկուն են դառնալու:
31.01.2019