ՆորություններԻ՞ՆՉ ԷԻՆ ԱՍՈՒՄ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՀՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԸ
Երեկ երեկոն, իսկապես, բացառիկ էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ խորագիրը ներկայացնում էր պատմական, փաստավավերագրական նյութի հիմքով, Հրանտ Մաթևոսյանի սցենարով 1979 թվականին կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի նկարահանած «Արամայիս Երզնկյան» ֆիլմը՝ նվիրված ստալինյան ժամանակաշրջանում բռնադատված ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, Ալեքսանդր Մյասնիկյանի զինակից Արամայիս Երզնկյանին, որի անունը մեծապես կապված է Հայաստանի վերածննդի, Թամանյանական Երևանի կերտման ու բազում ազգային-պետական նշանակության իրադարձությունների հետ:
«...Ելք բոլորն էին փնտրում: Ելակետը մեկն էր, ուղիները՝ տարբեր, և շատ դեպքերում նույն ելակետից ճամփակիցներն արդեն հեռավոր խաչուղիներում հանդիպեցին որպես անծանոթներ ու թշնամիներ:
... Բարձրահասակ, սոկրատյան ճակատով, կիրթ, մտացի՝ շատ դեպքերում, դիրքից դիրք անցնելիս, Երզնկյանը ծածանում էր ոչ թե ինտերնացիոնալիստի իր գեղեցիկ դրոշը, այլ՝ իր անձնական առաքինությունը:
Ժնևյան ուսումնառությունը ուսումնառություն էր ինչքան գիտությունների, նույնքան էլ հեղափոխության տեսության մարզում: Տեսությունը տեսություն, բայց կյանքը հետո շատերի առջև էր պատի նման կանգնելու, և դա՝ շատ ավելի իրենց լայնախոհության պակասի, այսպես ասած սկզբունքային նեղմտության պատճառով:
Արամայիս Երզնկյանը կարողանում էր խաչված սրերը իջեցնել, անկապելիները կապակցել, հակառակ բևեռները մերձեցնել: Նրա այդ հատկությունը ավելի քան պետք էր իր ժամանակի Հայոց պատմության ամենաարտակարգ պահերին...»:
Սա մի հատված է Հրանտ Մաթևոսյանի փառահեղ տեքստից: Ընդհանրապես, Յուրի Երզնկյանի ոգևորվածությունը իր մածանուն հայրիկով և Հրանտ Մաթևոսյանի ոգևորվածությունը մեծանուն անհատով, որի կյանքը Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրվածության մի բացառիկ օրինակ է, ծնել է այն ֆիլմը, որը ցուցադրվում էր երեկ Կինոյի տան փոքր կինոսրահում:
Ընդամենը 10 րոպե տևողության ժապավենն այս երկու գործիչների համագործակցության արդյունքում կարողանում է շատ բացահայտումներ անել Արամայիս Երզնկյան անհատի անձի հետ կապված: Ցավոք, հայ կինոն երկար ժամանակ չի գտել միջոցներ ու հնարավորություններ՝ ժամանակաշրջանն ու Երզնկյանի նման անհատականության, նրա զինակիցների սխրանքն ավելի ընդգրկուն ֆիլմի վերածել՝ խաղարկային ֆիլմի՝ կինոլեզվի բոլոր արտահայտչամիջոցներով:
Թեպետ պետք է արձանագրել, որ այդ բացը որոշ իմաստով լրացվել է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» հրաշալի ստեղծագործությամբ:
Երեկոյի մասնակիցները՝ Երզնկյան տոհմի ներկայացուցիչներ, գրողներ, բանասերներ, գիտնականներ, ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ում կայացած հանդիպմանը՝ կինոքննադատ, պրոֆեսոր, Երզնկյանի թոռնուհի Անետա Երզնկյանի անմիջական աջակցությամբ, եզակի պատմություններով խոսեցին Արամայիս Երզնկյանի մասին՝ ներկայացնելով ժամանակաշրջանն ու Արամայիս Երզնկյանի բացառիկ դերը այդ ժամանակաշրջանում, ներկայացնելով Մարտիրոս Սարյանի, Կարո Հալաբյանի, Ստեփան Շահումյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց առնչությունները, որոնք շատ հետաքրքրական էին նաև երեկոյին ներկա երիտասարդության համար:
30.01.2019