pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՎԵՐԱԴԱՐՁՈՂԸ» ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԷՐ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում երեկոն Ազատ Գասպարյանինն էր:
 
Սրահի կամարների ներքո հնչում էր Ազատ Գասպարյանի խոսքը: Գինու շուրջ զրուցում էին տաղանդավոր արտիստի երկրպագուները, ընտանիքի անդամները, մտերիմները: Րոպեներ անց Կինոյի տան փոքր կինոսրահը տրամադրվելու էր Ազատ Գասպարյանի մասնակցությամբ ֆիլմերին:
 
«Վերադարձ Կինոյի տուն» խորագիրը, որն արդեն ավելի քան մեկ տարի խորհրդանշորեն Կինոյի տուն է վերադարձնում կինոյի մարդկանց, որոնց համար երբևէ այդ միջավայրը եղել է ընտանեկան միջավայր, այս անգամ այդ միջավայր էր բերել Ազատ Գասպարյանին ու նրա կինոն:
 
Չնայած այն հանգամանքին, որ Ազատ Գասպարյանը հայկական կինոյում ունի բազում հանրահայտ ու շա՜տ սիրված դերեր, դերեր, որոնք կազմում են մեր կյանքի, մեր ժամանակի, մեր օրվա մի մասը, մասնիկը, այս երեկոյին որոշվել էր ներկայացնել Ազատ Գասպարյան արտիստի մասնակցությամբ քիչ հայտնի ֆիլմեր, որտեղ, սակայն, նույն Ազատ Գասպարյանն էր՝ արտիստական նույն տաղանդով, նույն գրավչությամբ ու վարպետությամբ:
 
Եվ ահա Կինոյի տան էկրանին Ազատ Գասպարյանի մասնակցությամբ ռեժիսոր Գենադի Մելքոնյանի 1987 թ. նկարահանած «Խոսք» կարճամետրաժ ֆիլմն է՝ նկարահանված Աղասի Այվազյանի սցենարով, որի բեմադրող օպերատորն է Լևոն Աթոյանցը և Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մոտիվներով 1983 թ. նկարահանված «Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը» ֆիլմը:
 
Ֆիլմերի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ը կրկին լցվեց Ազատ Գասպարյանով: Շատ երկար նրա արվեստի երկրպագուները, ընտանիքի անդամները, մտերիմները, ընկերները խոսեցին Ազատ Գասպարյանի մասին, պատմեցին բազում հետաքրքրական պատմություններ, որոնք շա՜տ բնութագրական էին տաղանդավոր դերասանի, նրա ապրած կյանքի ու ժամանակի համար:
 
Մեծ հետաքրքությամբ լսվեցին արտիստի կյանքի, կինոյում ու թատրոնում ապրած ժամանակի դրվագների բացահայտումը, որոնք մեծ ոգևորությամբ էին անում նրա կյանքի ու ժամանակի վկաները:
 
Այս երեկոն նույնպես կմնա հիշելու, արժևորելու, մեծարելու, գնահատելու՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ձեռնարկումների պատմությունում որպես ջերմ ու մտերմիկ մի օր:
25.01.2019