Նորություններ«ՔԱՋ ՆԱԶԱՐ»-Ը ՀԱՄԱԽՄԲԵՑ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Երեկ բացառիկ երեկո էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
Մի քանի սերնդի ներկայացուցիչներ հավաքվել էին Կինոյի տան փոքր կինոսրահում՝ դիտելու դեռևս 1940 թվականին հայ կինոյի մեծանուն վարպետներից մեկի՝ Ամասի Մարտիրոսյանի նկարահանած «Քաջ նազար» ֆիլմը:
Երեկոն բացառիկ էր նաև այնքանով, որ ֆիլմի դիտումից հետո ներկաները հանդիպեցին Ամասի Մարտիրոսյանի թոռնուհուն՝ բազմաթիվ սիրված անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանին:
Ինչպես միշտ, Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահում» ծավալվեց շատ հետաքրքիր զրույց թե ֆիլմի շուրջ, թե Գայանե Մարտիրոսյանի ներկայացրած բազմաթիվ եզակի պատմությունների, որոնք կապված էին ֆիլմի, իր պապի՝ Ամասի Մարտիրոսյանի կյանքի ու ստեղծագործական դրսևորումների հետ:
Ամասի Մարտիրոսյանը, մասնագետների բնորոշմամբ, դեռևս 1940-ին, դեռևս ստալինյան իշխանության տարիներին կարողացել է մեծ հմտությամբ էկրանավորել Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը՝ ասելիքին հավելելով կինոլեզվի ու կինոմտածողության շերտերը:
Ամասի Մարտիրոսյանի ֆիլմում նկարահանվել են հայ կինոյի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Համբարձում Խաչանյանը, Արուս Ասրյանը, Ավետ Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը և այլք՝ ստեղծելով կերպարներ, որոնք առ այսօր մեծ հիացմունք են պատճառում հանդիսատեսին:
Շատ էական էր, որ ֆիլմի դիտմանը ներկա փոքրիկներն ու պատանիները նույնպես մեծ հիացմունքով դիտեցին այն, ծանոթացան հայ կինոյի մեծերին ու ընդգծված ուշադրությամբ մասնակցեցին քննարկմանն ու կարծիքների փոխանակմանը:
Ուշագրավ է, անշուշտ, որ ֆիլմի սցենարի հեղինակը հենց Դերենիկ Դեմիրճյանն է՝ Ամասի Մարտիրոսյանի հետ:
Եվս մի ջերմ երեկո ունեցանք կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան հարկի ներքո, որը, կարծում ենք, երկար կմնա հիշողության մեջ:
23.01.2019