ՆորություններԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Գյումրիում ապրող և ստեղծագործող կինոգործիչներն ամիսներ շարունակ մտորում էին Գյումրիում ևս Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության միավոր ձևավորելու մասին:
Այն առաջնահերթ է այնքանով, որ մեր երկրի համար ռազմավարական այդ տարածաշրջանի կինոգործիչները կարողանան՝ համախմբելով իրենց կարողություններն ու ջանքերը, ավելի մասնակցային ներկայություն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում հայկական կինոյում, ինչպես նաև ստեղծագործական նախաձեռնություններով Շիրակ աշխարհ վերադարձնեն կինոմթնոլորտն ու ձևավորեն այն կինոմիջավայրը, որը նոր ազդակներ կհաղորդի թե ստեղծագործական կյանքին, թե կապահովի երիտասարդ ստեղծագործողների ներգրավվածությունը այդ մթնոլորտին ու միջավայրին:
Եվ ահա, նախաձեռնող խումբը Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում ձեռնարկեց Գյումրիում ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ ձևավորելու ընթացքը, որի առաջին հավաքին ներկա գտնվեցին նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը և այլք:
Հավաքին, որին մասնակցում էին Շիրակի մարզի բազմաթիվ կինոգործիչներ, հանգամանորեն խոսվեց այն աշխատանքների ու անելիքների մասին, որոնք սպասվում են նորաստեղծ գիլդիային, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնք դրված են գիլդիայի առջև:
Հարություն Խաչատրյանը մանրամասն խոսեց այն քաղաքականության մասին, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը որդեգրել է իր ղեկավարման ընթացքում, որի ուղղություններից մեկն էլ ստեղծագործական գիլդիաների ձևավորումն է, որպեսզի հնարավոր դառնա մասնագիտական ներուժը լավագույնս ծառայեցնել թե ստեղծագործական ընթացքին, թե քաղաքականությունների մշակմանը, և որպեսզի մասնագիտական գիլդիաները ազդեցիկ ներգրավվածություն ունենան Հայաստանի կինոկյանքում:
Իսկ մշակութային հզոր լիցքերով քաղաքն ու Շիրակ աշխարհը չեն կարող հեռու լինել այն գործընթացներից ու իրադարձություններից, որոնք տեղի են ունենում կինոյում:
Կինոգործիչների գիլդիան, որը նախաձեռնող հավաքում գիլդիայի նախագահ ընտրեց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ղարիբ Ղազարյանին, բաց է լինելու բոլոր այն ստեղծագործողների առջև, որոնք պատրաստակամ կլինեն իրենց մասնակցությամբ, ներգրավվածությամբ, ստեղծագործական ներուժով, գիտելիքներով ու կարողություններով նպաստել գիլդիայի նպատակների և խնդիրների իրագործմանը:
Առաջին ստեղծագործական հանդիպումը, որ տեղի ունեցավ նախաձեռնող խմբի հավաքից անմիջապես հետո, կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի սպասված հանդիպումն էր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողության, ստեղծագործող երիտասարդության հետ, որից հետո էլ Մհեր Մկրտչյանն ու երիտասարդները շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց ունեցան կինոյի, կինոյի խնդիրների, մասնագիտական բազմաթիվ դրսևորումների շուրջ:
Իսկ երիտասարդության ակտիվությունն ու ապագայի նկատառումները ևս մեկ անգամ խոսեցին այն մասին, որ կինոմթնոլորտի ու կինոմիջավայրի վերադարձը Գյումրի և Շիրակի տարածաշրջան կարող է նոր ազդակներ հաղորդել ստեղծագործական կյանքին:
26.12.2018