pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ» ՖԻԼՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃԻ ԷԿՐԱՆԻՆ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում պրեմիերա էր և հանդիպում լեգենդի հետ:
 
Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի «ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ» նոր ֆիլմը՝ Վարպետի ներկայությամբ, հանդիսատեսին բերել էր Կինոյի տուն, որի մեծ դահլիճի վերագործարկումից հետո կինոյի մարդկանց երբեմնի այս անկրկնելի միջավայր է վերադառնում նաև այն կինոմթնոլորտը, որը կարող է թույլ տալ մարդկանց վայելելու ֆիլմը, այնուհետև մտերմիկ ու ջերմ միջավայրում զրուցել, քննարկել, շնորհավորել, քննադատել:
 
Հրանտ Հակոբյանի ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ֆիլմը պատում էր Վարպետի մասին՝ նրա անցած կյանքի դրվագներով, անցած մեծ ճանապարհի կեռմաններով, Վարպետի խոհերով, զգացումներով:
 
Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեց կինոքննադատ Անետա Երզնկյանը, կարևորելով հանդիսատեսի վերադարձը կինոյի տուն և կինոյի տուն վերադարձած այն մթնոլորտը, որ կար տարիներ առաջ, երբ այս դահլիճի էկրանին հայկական լավագույն ֆիլմերի պրեմիերաներն էին:
 
Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը՝ ավանդույթի համաձայն, հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմի ստեղծագործական կազմին, խոսելով այն ճանապարհի մասին, որ ստեղծագործական կազմը հաղթահարել է Վարպետի մասին այս ինքնատիպ պատումը ստեղծելիս:
 
Իսկ դահլիճում ծափահարություններ էին, հոտնկայս ծափահարություններ Վարպետին, նրա արվեստին, նրա անձին, ֆիլմին և ստեղծագործական ողջ կազմին:
 
Ֆիլմի դիտումից հետո ներկաները վայելեցին Ջիվան Գասպարյանի ներկայությունը լեգենդար ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀՈՒՄ՝ շնորհավորելով Վարպետին, Հրանտ Հակոբյանին, ստեղծագործական կազմին և միմյանց՝ հրաշալի երեկոյի համար:
06.12.2018