ՆորություններԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏԻ «ՆՈՆ ՖԻՆԻՏԱ»-Ն...
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան սրահում տոն էր: Տոն նվիրված Արտիստին, Արտիստի անցած ճանապարհին, ապրած կյանքին:
Տոն էր, որովհետև Արտիստի հետ էին գործընկերները, ընկերները, բարեկամները, մտերիմները:
Տոն էր, որովհետև Արտիստի հետ էր նրա անդավաճան հանդիսատեսը:
Տոնի առանցքում Զարուհի Առաքելյանի ՆՈՆ ՖԻՆԻՏԱ. ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ գիրքն էր, գրքի լույսընծայումը: Գիրք, որում Արտիստն է՝ ափի մեջ:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը, գրքի հեղինակը՝ Զարուհի Առաքելյանը խոսեցին Արտիստի մասին, Ռաֆայել Քոթանջյան երևույթի մասին, որն անանց է մեր կինոյի և թատրոնի տարեգրությունում և իր ներկայությամբ ու շարունակվող գործով նոր տարեգրություն է ստեղծում ապագայի համար:
Ռաֆայել Քոթանջյան Արտիստն, անշուշտ, հուզված էր, բայց խոսեց, խոսեց քոթանջյանական կերպով և շնորհակալ էր, որովհետև իր հետ իր հանդիսատեսն էր:
Ջերմ երեկոն երկար շարունակվեց մտերմիկ խոսք ու զրույցի շուրջ, իսկ Վարպետը ստորագրեց ՆՈՆ ՖԻՆԻՏԱ. ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ գրքի տիտղոսաթերթին՝ հավաստելով, որ ամեն ինչ դեռ առջևում է:
26.11.2018