ՆորություններՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԷՋԵՐԸ»
Երեկ, նոյեմբերի 20-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում հավաքվածները երկար ու ջերմ զրուցում էին հայ-իտալական կինոառնչություններից:
Առիթը «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումն էր և նոյեմբերի 17-ից 30-ը Երևանում, Գյումրիում և Դիլիջանում Եվրոպական կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոյի օրերը, որը նաև Կինոյի տան փոքր կինոսրահ էր բերել Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը:
Հայաստանում Իտալիայի դեսպանության, Երևանում Դանթե Ալիգիերի ընկերակցության հետ համատեղ կազմակերպված երեկոն ևս մեկ առիթ էր խոսելու երկար պատմություն ունեցող հայ-իտալական կինոհարաբերություններից, Հայկական կինոյի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ առկայծած իտալական էջերից:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը բացելով երեկոն նշեց, որ հայ-իտալական կինոհարաբերությունները թեպետ լավ պատմություն ունեն, շատ հետաքրքիր էջեր կան այդ պատմությունում, շատ վառ անուններ ու անհատականություններ, այնուհանդերձ դրանք ամրացնելու կարիք կա, և այս երեկոն և «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումը դրան է միտված:
Երեկոյին ներկա Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր խոսքում նախ անդրադարձավ Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում անցկացվող Եվրոպական կինոյի օրերին, Երևանում ցուցադրված իտալական «Երջանիկ, ինչպես Լացարոն» ֆիլմին, որը Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերից է, այնուհետև անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշեց, որ դրանք բավականին հին արմատներ ունեն և հավելեց, որ կինոն և, մշակույթն ընդհանրապես, այդ հարաբերությունները լավագույնս ամրապնդելու գործիք են:
Իտալական «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որի անմիջական մասնակցությամբ է նաև ստեղծվել «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկը, իր խոսքում շատ հանգամանորեն անդրադարձավ հայ-իտալական մշակութային հարաբերություններին, մասնավորապես կինոհարաբերություններին, ընդգծելով դրանց կարևորությունը մշակույթների երկխոսությունում:
Եվ մինչ ներկաները Կինոյի տան փոքր կինոսրահում կդիտեին Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը, կինոյի ու մշակույթի շուրջ սկսված խոսակցությունները գինու շուրջ շարունակվեցին Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում:
21.11.2018