pt:page_news_item, lang:arm
ՆորություններՇՏԵՖԱՆ ԳՐԱՖ ՖՈՆ ԲՈԹՄԵՐ. «ՀՐԱՇԱԼԻ ԴԱՀԼԻՃ ՈՒՆԵՔ, ԱԿՈՒՍՏԻԿ ՓԱՅԼՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը Երևան է ժամանել Հայաստանում Գերմանիայի դեսպանության հրավերով և հատուկ առաքելությամբ. ՌեԱնիմանիա միջազգային փառատոնում ցուցադրվող «Արքայազն Ահմեդի արկածները» առաջին ուրվանկարային համր մուլտֆիլմի ցուցադրման ընթացքում, որը գերմանացի հեղինակները ստեղծել են 1926 թվականին, նվագելու ֆիլմի համար իր ստեղծած երաժշտությունը:
 
Գերմանացի այս կոմպոզիտորն ու դաշնակահարը հայտնի է համր ֆիլմերի ցուցադրություններն իր դաշնամուրային վիրտուոզ կատարումներով ուղեկցող տպավորիչ համերգներով: Նրա երաժշտությունն ազդեցիկ է, գերող, ժամանակակից և ֆիլմի հետ միահյուսվելով՝ կատարյալ էքսպրեսիվ միասնություն է դառնում: Հնարավոր չէ նկարագրել դա, դա տեսնել է պետք: Իսկ այդ հնարավորությունն ունեցավ այն հանդիսատեսը, որ ժամանել էր Կինոյի տան մեծ դահլիճ:
 
Իր բազմաթիվ ճամփորդությունների ժամանակացույցում Երևան գալու համար ժամանակ գտած դաշնակահարը, որն աշխատել է շուրջ 950 անիմացիոն ֆիլմերի երաժշտության հետ, երկու օր անընդմեջ կինեմատոգրաֆիստների միության մեծ դահլիճի դաշնամուրով նախապատրաստվում էր:
 
Ընդմիջմանը զրուցեցինք շատ անմիջական ու շատ պատրաստակամ արվեստագետի հետ.
 
- Կարծեմ առաջին անգամ չէ, որ Հայաստանում եք:
 
- Այո: 2015-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդես եմ եկել գերմանական դասական համր ֆիլմերից մեկի՝ Մուրնաուի՝ 1922թ. ստեղծած «Նոսֆերատուի» համար գրած հնչյունավորմամբ: Համերգով հանդես եմ եկել նաև Գյումրիում: 2017-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նվագակցել եմ Ֆրից Լանգի էքսպրեսիոնիստական Մետրոպոլիսի ցուցադրությանը, «Լութեր» (1927) ֆիլմին զուգահեռ: Համերգով հանդես եմ եկել նաև Վանաձորում: Բոլորը միասին՝ վեց համերգ: Այնպես որ՝ առաջին անգամը չէ:
 
- Շատ հետաքրքիր գործունեություն եք ծավալում: Նաև ժանրային առումով. հետաքրքիր ժանր է՝ նվագակցել ֆիլմին զուգահեռ: Ի՞նչ եք ուզում ասել այդ արվեստով:
 
- Ուզում եմ լսարանին այնպիսի երաժշտություն մատուցել, որ յուրաքանչյուրը դահլիճ մտնի իբրև մի մարդ, դուրս գա բոլորովին այլ մարդ դարձած: Ուզում եմ իմ արվեստով ամբողջովին նոր տպավորություն գործել մարդկանց վրա, երաժշտությունս հոսեցնել նրանց երակներով, խառնել նրանց զգացմունքները, տակնուվրա անել ներաշխարհը»:
 
- Առաջին անգամ եք նվագում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տան մեծ դահլիճում: Լեգենդար դահլիճ է: Շատ բան է տեսել: 43 տարի անց նորոգվել է, վերականգնվել...
 
- Այո, այս դահլիճում առաջին անգամ եմ նվագում: Հրաշալի դահլիճ ունեք, ակուստիկ փայլուն հնարավորություններով:
«Արքայազն Ահմեդի արկածները», որը դիտելու եք հենց այս դահլիճում, որտեղ նվագելու եմ, ցնցող գեղեցկությամբ անիմացիոն ֆիլմ է՝ առինքնող, երազային ու խորհրդավոր: Այս գլուխգործոցը, որի նուրբ տեխնիկան և մաքուր գեղեցկությունը ցայժմ գերազանցված չեն, փաստացի առաջին լայնամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որի հեղինակը երիտասարդ արվեստագետ Լոթթե Ռայնիգերսն է:
 
(Հեղինակն ուրվանկարային տեխնիկայի փորձը յուրացրել է չինական ստվերային թատրոնից: Մի չար կախարդ որպես ծննդյան նվեր խալիֆին առաջարկում է մի կախարդական ձի՝ փոխարենը պահանջելով նրա դստերը: Կախարդին հաջողվում է արքայազն Ահմեդին գրավել դեպի թռչող ձին: Այդ պահից սկսվում է արքայազնի երկար ու արկածներով լի ճամփորդությունը, որի ընթացքում նա պետք է ազատեր իր քրոջը չար կախարդի իշխանությունից: Այդ ընթացքում նա սիրահարվում է դևերի կողմից գերեվարված գեղեցկուհի Պարի Բարուին: Նրան օգնության են հասնում Ալադինը՝ իր կախարդական լապտերով, ու մի բարի կախարդուհի:)
 
- Վստահ ենք, որ մեծ բավականություն ենք ստանալու:
 
- Միայն երջանիկ կլինեմ:
02.11.2018