ՆորություններԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԸ՝ ՓԱՌԱՀԵՂ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճում հոկտեմբերի 31-ին ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Արքայազն Ահմեդի արկածները» առաջին ուրվանկարային համր մուլտֆիլմը, որը գերմանացի հեղինակները ստեղծել էին 1926 թվականին:
Թեև այդպիսի կինոժառանգությանը ծանոթանալն ինքնին հետաքրքիր էր, սակայն ոչ պակաս երևույթ էր ֆիլմը դիտելը դաշնամուրային փառահեղ երաժշտության ուղեկցությամբ, որը վիրտուզ կատարմամբ իրագործեց հատուկ այդ նպատակով Երևան հրավիրված դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը, որն աշխատել է շուրջ 950 անիմացիոն ֆիլմերի երաժշտության հետ:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Կիսլերը, ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ներկայացրեցին երեկոն և հյուրերին, որից հետո բեմ հրավիրված երաժիշտը ավելի քան մեկ ու կես ժամ դահլիճը պահեց լարվածության բարձրակետում, մեծագույն հաճույք պատճառելով ներկաներին:
Կինոյի տոները Կինոյի տան շարունակվում են: Դա ակնհայտորեն երևում է նաև դահլիճում այդ տոնին սպասողների ժպիտներից:
02.11.2018