pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Հայ կինոյի բեղմնավոր ճանապարհ անցած ռեժիսորներից և կինոյի կազմակերպիչներից մեկի՝ Արկադի Հայրապետյանի ծննդյան 90-ամյակին էր նվիրված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվան թատրոն) տեղի ունեցած երեկոն, որը լի էր ջերմ հանդիպումներով, զգացողություններով, հուշերով, արժևորումներով, և որը ևս մեկ առիթ էր՝ խոսելու Արկադի Հայրապետյանի անցած ճանապարհի, հայ կինոյի տարեգրությունում լավագույն տեղ զբաղեցրած նրա ֆիլմերի ստեղծման բազում հետաքրքրական պատմությունների, մարդկային հարաբերությունների մասին:
 
Մինչ հավաքվածները կդիտեին ԺԱՅՌԸ ֆիլմը, որը Մեծն Աճեմյանի անկրկնելի բեմադրության կինոպատումն էր և Արկադի Հայրապետյանի լավագույն ռեժիսորական աշխատանքներից մեկը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, կինոքննադատ Անետա Երզնկյանը, Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, թոռը՝ Գագա Ամատունին և այլք խոսեցին Արկադի Հայրապետյանի, նրա թողած կինոժառանգության, նրա աշխատանքային տարիների ու արած գործերի մասին՝ արթնացնելով չմոռացվող հիշողություններ:
 
Ցուցադրվեցին նաև հատվածներ Արկադի Հայրապետյանի մասին պատմող տեսաֆիլմից, որտեղ իրենց ընկերոջ ու գործընկերոջ մասին խոսում էին հայ կինոյի մեծանուն վարպետներ Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Ներսես Հովհաննիսյանը, Արմեն Ջիգարխանյանը և այլք:
 
ԺԱՅՌԸ ֆիլմի դիտումից հետո ներկաները դեռ երկար մնացին Կինոյի տան կամարների ներքո՝ գինու շուրջ շնորհավորելով հոբելյարին, հիշողություններով ու զրույցներով «ապահովելով» նրա ներկայությունը:
27.10.2018