ՆորություններԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃ ՈՒ ԶՐՈՒՅՑ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՇՈՒՐՋ
Հոկտեմբերի 23-ի երեկոն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում և Բուխարու սրահում մեկտեղել էր ավելի քան հիսուն մարդու, այդ թվում և մեծ թվով երիտասարդների՝ դիտելու և քննարկելու Հովիկ Հախվերդյանի վերջին՝ ՆԱՐԵԿԱՑԻ ՈՐՈՆԵԼԻՍ ֆիլմը:
Իր մահից առաջ մեր լավագույն կինոռեժիսորներից Հովիկ Հախվերդյանը, իր սցենարով և ռեժիսորական ձեռագրով ստեղծեց մի ֆիլմ, ուր արվեստի ու խոսքի խաչաձևումների միջոցով, մեր մշակույթի երևելիների՝ Սոս Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի, Կարպիս Սուրենյանի, Ռոբերտ Մլքեյանի, Արթուր Շահնազարյանի և այլոց մեկնությունների, մտածումների, վերլուծումների շնորհիվ փորձ է արվում որոնել Նարեկացի երևույթը...
Օպերատորական փայլուն աշխատանքի շնորհիվ՝ Վահագն Տեր-Հակոբյան, Ռուբեն Գասպարյան, Արա Հարությունյան, Մկրտիչ Մալխասյան, ֆիլմում ստեղծվում է բացառիկ մի միջավայր, ուր միախառնվում են բազմաթիվ զգացումներ, հատվում են Նարեկացու և երաժշտության, Նարեկացու և կերպարվեստի աշխարհները՝ ավելի հասկանալի դարձնելով ռեժիսորական մտահղացումները:
Ֆիլմի դիտումից հետո շատ ջերմ ու հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ում, որի մասնակիցները ոչ միայն հարցեր ուղղեցին երեկոյին ներկա Հովիկ Հախվերդյանի որդուն՝ Վահե Հախվերդյանին, որը նաև ֆիլմի մոնտաժի ռեժիսորն է, այլև շատ յուրահատուկ մեկնություններով խոսեցին ֆիլմի, Նարեկացու, արվեստի, կինոյի ու ժամանակների մասին:
Շատ ինքնատիպ էին երիտասարդների մոտեցումները՝ կոտրել կարծրատիպերը Նարեկացի որոնելիս, յուրաքանչյուրին տալ հնարավորություն՝ որոնել սեփական Նարեկացին և ինքնահաստատվել այդ ճանապարհով, Նարեկացուն ճանաչել այդ ճանապարհով: Նրանց կարծիքով ֆիլմն այդ հնարավորությունն ընձեռում էր և շնորհակալ էին, որ իրենց տրվել էր նման հնարավորություն:
Գուցե դժվար է պատկերացնել, որ տասնյակ երիտասարդներ երեկոյան ժամանցի համար նախընտրում են Կինոյի տանը դիտել Նարեկացուն նվիրված ֆիլմ ու երկար քննարկել ֆիլմն ու խոսել Նարեկացու մասին, բայց դա իրողություն է:
24.10.2018