pt:page_news_item, lang:arm
ՆորություններՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ. ՀՈՎԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Հայկական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Հովիկ Հախվերդյանի «ՍԵՐՈԲԻ ԾԱՌԸ» կարճամետրաժ կինոնկարը, որը նկարահանվել էր 1978 թվականին, 40 տարի անց՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ ԽՈՐԱԳՐՈՎ ցուցադրվեց Կինոյի տան փոքր կինոսրահում՝ ներկաներին վերադարձնելով այն Երևանն ու այն մարդկային միջավայրը, որն արտացոլված է ֆիլմում:
 
Շատ գողտրիկ այդ ֆիլմի միջոցով կինոռեժիսոր ՀՈՎԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ կարողացել է ինքնատիպ կինոձեռագրի և մարդկային փոխհարաբերությունների, երևանյան միջավայրի, բնավորությունների, երևանյան պատմությունների, հումորի համադրմամբ փոխանցել արժեքներ, որոնք վերաբերում են ընկերությանը, մտերմությանը, բարեկամությանը, հավատարմությանը:
 
Ֆիլմից առաջ կինոքննադատ Անետա Երզնկյանը խոսեց 40 տարի առաջ նկարահանված ֆիլմի և ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի աշխատանքների, նրա կինոձեռագրի մասին, իսկ Ֆիլմի դիտումից հետո ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-Ի տաք միջավայրում ֆիլմի ռեժիսորի որդին՝ ռեժիսոր Վահե Հախվերդյանը, դերասան Աշոտ Ներսիսյանի զարմուհին՝ Հայկանուշ Ներսիսյանը և այլք, հետաքրքիր մանրամասներ պատմեցին նկարահանման օրերից, դերասանների կյանքից ու ապրումներից, Հովիկ Հախվերդյանի աշխատանքային կյանքից:
 
Ներկաների խնդրանքով հաջորդ շաբաթ կինոյի տան կինոսրահում ցուցադրվելու է Հովիկ Հախվերդյանի ՆԱՐԵԿԱՑԻ ՈՐՈՆԵԼԻՍ շատ ինքնատիպ ֆիլմը, որը ռեժիսորի վերջին ֆիլմն էր նրա վախճանից առաջ:
19.10.2018