pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԵԿՈՆ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ում թևածում էին ազնավուրյան երգերի մեղեդիները, Ազնավուրի կյանքը տարեգրող լուսանկարները կարծես ապահովում էին նրա ներկայությունը, իսկ հավաքվածների երկար զրույցը գինու շուրջ Ազնավուրյան օրը դարձնում էր կատարյալ:
 
Հիշողություններ Շառլ Ազնավուրի հայաստանյան այցերից, տարբեր երկրներում ունեցած համերգներից, Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմերի կերպարների քննարկումներ և այլն…
 
Քիչ անց Կինոյի տան փոքր սրահում ցուցադրվելու էր Ազնավուրի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը՝ 1960-ին «Նոր ալիքի» լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի նկարահանած «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը, որը մեծ դեր ունեցավ Շառլ Ազնավուրի կինոճակատագրում:
 
Բազմաթիվ երիտասարդներ, որոնք եկել էին ազնավուրյան երեկոյին, կինոցուցադրումից առաջ մեծ հետաքրքրությամբ լսեցին ճանաչված կինոգետ, գրականագետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանին, որը երկար տարիներ անց կրկին Կինոյի տանն էր ու իրեն հատուկ սիրով ու եռանդով խոսեց ֆրանսիական կինոյի, կինոյում ազնավուրի դերակատարության և հատկապես Տրյուֆոյի հայտնի ֆիլմի մասին:
 
«Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ի ջերմ մթնոլորտում շարունակված երեկոն ձգվեց մինչև ուշ երեկո, որի ընթացքում Զավեն Բոյաջյանն անհոգնել պատասխանեց երիտասարդների բոլոր հարցերին, բանավիճեց նրանց կարծիքների ու տեսակետների հետ, քննարկեց ֆիլմը, առանձին դրվագներ, խոսեց 60-ականների կինոյի, Ազնավուրի դերերի մասին:
 
Զրույցն այնքան հետաքրքրական էր, որ այն շոշափեց նաև կրթական, գրական, թատերական խնդիրներ:
 
Իսկ սրահում շարունակում էր հնչել ազնավուրյան երգը՝ որպես նվիրում մեծն Շառլ Ազնավուրին...
 
Ճշմարիտ է, որ «պոետները երբեք չեն մահանում»…
10.10.2018