pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈԽԱՂԸ ԳՐԱՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
Կրթական, ճանաչողական իր նախագծերին հետամուտ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունն այս անգամ նախաձեռնել էր մի հանդիպում, որը կարծում ենք, երկար է մնալու թե մասնակից դպրոցականների, թե նրանց ծնողների և ուսուցիչների հիշողությունում:
 
Խոսել հայկական կինոյի մասին, գուշակել հայկական կինոյում հնչած երաժշտությունը, գուշակել հեղինակներին, հիշել հայ կինոյի վարպետների կերտած կերպարները, հիշել դրանք կերտող դերասաններին, կինոն ստեղծած ռեժիսորներին, մտաբերել այն թևավոր խոսքերը, որոնք հնչում են հայկական ֆիլմերում… և այս ամենը ինտերակտիվ, խաղի տեսքով, անմիջական շփման հնարավորությամբ, մրցակցության մեջ:
 
Այս հնարավորությունն ընձեռվեց «Կինոգետ» կինոխաղի հեղինակ Զավեն Հարոյանի ստեղծած յուրահատուկ խաղի միջոցով և հեղինակի անմիջական մասնակցությամբ, որը տարբեր դպրոցներից Կինոյի տուն ժամանած դպրոցականների խմբի հետ մի քանի ժամ շարունակ մրցույթի միջոցով փորձեց յուրովի բացահայտել նրանց գիտելիքները հայկական կինոյից, հնարավորություն տվեց նրանց դրսևորել իրենց ինտելեկտուալ կարողությունները, ճանաչողականությունը, ինտերակտիվ շփման միջոցով հայտնաբերել հայկական կինոն ու նաև մրցել իրենց ծնողների, ուսուցիչների հետ...
 
Մրցույթը բավականին թեժ էր, Զավեն Հարոյանը գրանցում էր հաշիվները, բայց որոշվեց, որ այս խաղում չկան հաղթողներ և պարտվողներ ու այստեղ հաղթողը հայկական կինոն է:
 
Կինոյի տան «Բուխարու սրահ»-ը ժամեր շարունակ շնչում էր հայկական կինոյի մթնոլորտով, որի կենտրոնում դպրոցականներն էին, որոնք, վստահաբար, տուն վերադառնալիս ավելի խորությամբ կփորձեն ուսումնասիրել հայկական կինոն, մանավանդ, որ սա առաջին հանդիպումն էր յուրահատուկ կինոխաղի հետ, բայց ոչ՝ վերջինը:
 
Եվ որպեսզի նրանք առավել շահագրգիռ լինեն հայկական կինոն դիտելու և ուսումնասիրելու գործում, կինեմատոգրաֆիստների միությունում նրանց նվիրեցին գրքեր, որոնք դպրոցականներին առավել կմոտեցնեն մեր կինոյին:
 
Այս հանդիպումները Կինոյի տանը շարունակական են լինելու:
05.10.2018