pt:page_news_item, lang:arm
ՆորություններՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Մայիսի 26-ին՝ հայկական կինոյի հսկաներից ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ծննդյան օրը, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը նշվեց նրա մասին նոր գրքի շնորհանդեսով՝ նրա մտերիմների, գործընկերների, ընկերների ջերմ միջավայրում:

Ռուս գրող, լրագրող ՎԱԼԵՐԻԱ ՕԼՅՈՒՆԻՆԱՆ և հայ ճարտարապետ, լրագրող, դիզայներ ՊԱՎԵԼ ՋԱՆԳԻՐՈՎԸ ներկայացրեցին իրենց նոր՝ «ՁՆՀԱԼԻ ԱՎԱՐՏԻՆ» գիրքը՝ նվիրված ականավոր կինոռեժիսորի կինոյին ու կյանքին:

«Նրա ստեղծագործությունը մեծապես մարմնավորում է 20-րդ դարի երկրորդ կեսի ազգային կինոյի դեմքը». ասվում է գրքի նախամուտքում:

Երեկոյի ընթացքում ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ անհատի մասին խոսեցին թե՛ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, թե՛ կինոռեժիսոր ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ, թե՛ կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ, թե գրքի հեղինակները և թե այլոք՝ իրենց գնահատանքի ու մեծարումի խոսքերն ուղղելով հայ կինոյի Վարպետին, հիշելով համատեղ ստեղծագործական կյանքի բազում դրվագներ, նրա մարդկային նկարագրի մասին խոսող դեպքեր, իրադարձություններ: 

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև «Մենավոր ընկուզենի» ֆիլմի ստեղծման մասին պատմող փոքրիկ մի ֆիլմ, որը ժամանակին «ֆիլմ՝ ֆիլմի մասին» խորհրդային կինոնախագծի շրջանակներում էր նկարահանվել և չէր ցուցադրվել անցած տարիներին:

Երեկոն շարունակվեց մի գավաթ գինու շուրջ՝ շնորհավորելով Վարպետին ծննդյան օրվա առթիվ, շնորհավորելով նոր գրքի ծնունդը:

Վաղուց միմյանց չտեսած մտերիմների, ընկերների ու գործընկերների զրույցը Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի ջերմ միջավայրում, ուր ապրում է նաև ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ շունչը, տևեց մինչև ուշ երեկո:
27.05.2021